Լուկաշենկոն Բոլթոնին բելառուսական օղի և շոկոլադ է նվիրել (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին աղբյուրի անապակ ջրից պատրաստված բելառուսական օղի է նվիրել: Լուկաշենկոն հավաստիացրել է, որ այն ռուսական օղուց ավելի լավն է և հայտնել, որ այդ օղին շատ է հավանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, գրում է ria.ru-ն:
«Այս օղին խանութներում չի վաճառվում», - հայտնել է Բելառուսի նախագահը:
«Ռուսական օղուց լա՞վն է», - հարցրել է Բոլթոնը, ինչին Լուկաշենկոն դրական պատասխան է տվել և հավելել, որ օղին քիչ քանակությամբ է արտադրվում:
«Միայն նվերների համար է: Սովորաբար պետության ղեկավարներին եմ տալիս», - հավելել է Բելառուսի նախագահը:
Նա նաև Բոլթոնին է փոխանցել բելառուսական շոկոլադ: «Երբ ինքնաթիռ նստեք, կարող եք ուտել։ Դա առանց շաքարի և կոնսերվանտների է, ուստի պետք է ուտել 10 օրում՝ ոչ ուշ», - նշել է նախագահը:
Ինչպես հայտնի է, Բոլթոնը հինգշաբթի առաջին անգամ այցելել է Բելառուս՝ դառնալով վերջին շրջանում Բելառուսի Հանրապետություն այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան: Հաղորդվում է, որ Բոլթոնը բանակցություններ է վարել Բելառուսի նախագահի և հանրապետության ԱԳ նախարարի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ունեցած հանդիպումն արդյունք չի տվել: