Սալոմե Զուրաբիշվիլին նշել է Վրաստանի եւ ՌԴ-ի միջեւ երկխոսությունն սկսելու պայմանները
Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք հանդիսանալ Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ երկխոսության վերսկսման համար, միայն այդ դեպքում Վրաստանը պատրաստ կլինի շփվել ՌԴ-ի հետ։ Այս մասին ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Euronews հեռուստաալիքի հարցազրույցում։
«(Ռուսաստանի հետ) ինչ-որ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մենք պետք է հստակ հասկանանք, որ տեղի են ունեցել փոփոխություններ Ռուսաստանի դիրքորոշման մեջ այնպիսի փոքր հարեւանի հանդեպ, ինչպիսին ենք մենք։ Նաեւ (Ռուսաստանը) պետք է հասկանա, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրաբար։ Երբ մենք տեսնենք հստակ ազդանշան այս ուղղությամբ, ապա, ես համոզված եմ. մենք պատրաստ կլինենք երկխոսության ապագայում»,- ասել է նա, տեղեկացնում է Գրուզիա-օնլայնը։