ՆԱՍԱ-ն մանրամասներ է հրապարակել Երկրի նման, սակայն մթնոլորտ չունեցող մոլորակի ուսումնասիրությունից
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) հետազոտություն է հրապարակել, որում մանրամասն նկարագրվում է LHS 3844b անունը ստացած էկզոմոլորակը:
Ինչպես գրում է Slashgear հարթակը, մոլորակը հայտնաբերվել է անցած տարվա դեկտեմբերին՝ TESS տիեզերական գործակալության առաքելության ժամանակ:
Մոլորակը գտնվում է Երկրից 48,6 լուսատարի հեռավորության վրա և զանգվածով 1,3 անգամ գերազանցում է մեր մոլորակին: Ոսումնասիրության համաձայն՝ LHS 3844b-ն մթնոլորտ չունի և դրա մակերևույթը, հավանաբար, ծածկված է սառած լավայից գոյացած ապառաժներով:
Մոլորակ, որն ուսումնասիրվել է «Սպիտցեր» աստղադիտակով, պտտվում է փոքր, սառը թզուկ աստղի շուրջ: Մասնագետների համոզմամբ՝ երկարակյաց աստղի այս տեսակը կարող է բազմաթիվ մոլորակներով շրջապատված լինել, որոնք տեղակայված են Ծիր Կաթինում:
LHS 3844b-ն իր աստղի շուրջ մեկ լիարժեք պտույտ կատարում է ընդամենը 11 ժամում: Սա կարող է նշանակել, որ մոլորակի մի կողմը պտույտի ժամանակ միշտ ուղղված է դեպի աստղը: