Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննության հետ առնչություն չի ունեցել. Արմեն Վարդանյան
Շրջակա միջավայրի նախարարությունն Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննության հետ առնչություն չի ունեցել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարը Արմեն Վարդանյանը:
«Քննչական կոմիտեն է համապատասխան փորձաքննությունը սահմանել՝ իր գործի շրջանակներում քննությունն անցկացնելու համար, շրջակա միջավայրի նախարարությունն այդ գործառույթներում չկա: Կոնկրետ քրեական գործ է հարուցվել, քրեական գործի շրջանակներում Քննչական կոմիտեն փորձաքննություն է նշանակել»,- նշեց նա:
Հարցին, թե ՔԿ-ից մասնագիտական կարծիքի համա՞ր էլ չեն դիմել են Շրջակա միջավայրի նախարարությանը, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «ՔԿ-ն դիմել է, նախարարությունից վերցրել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը ընդհանուր գործի քննության համար, բազմաթիվ նյութեր են վերցրել»:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործման հարցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դիրքորոշմանը, նախարարի խոսնակը նշեց. «Նախարարն ընդհանրապես բազմիցս ասել է, որ Հայաստանում հանքարդյունաբերությանն առաջնայնություն տալը ճիշտ չէ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ամուլսարի թեմայով ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց, որ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է, որ Ջերմուկի ջրերի համար նախագիծը որևէ վտանգ չի պարունակում, իսկ Արփա-Որոտան գետերի ջրային համակարգի վրա ազդեցության ռիսկերը կառավարելի են: «Լիդիանն ասում է, որ այդ մեղմման միջոցներից տասը նախատեսել են, և հինգն էլ կներգրավվեն, և Քննչական կոմիտեն էլ գալիս է այդ եզրակացության»,-ասել էր Փաշինյանը:
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե քննչական մարմինները քննիչ են, բնապահպանական մասնագետ չեն, վարչապետը օրինակ բերեց, որ Քննչական կոմիտեն տարբեր գործեր է քննում՝ սպանության, դրամի կեղծման և եզրակացություն է տալիս:
Սակայն, վարչապետի 1 ժամից ավելի տևած ուղիղ եթերում մի քանի անգամ Քննչական կոմիտեի եզրակացությանը հղում անելը միանշանակ չէր ընդունվել: Բնապահպանները, Ամուլսարի հանքի շահագործման դեմ արտահայտվող քաղաքացիներն իրենց գրառումներում զարմանք էին հայտնում, որ բնապահպանական եզրակացությունը տալիս է Քննչական կոմիտեն: