Ինչ կարող է անել ՀՀ Ազգային ժողովը Ամուլսարի մասով
Սահմանադրական իրավունքի մասնագետ, իրավաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրավական վերլուծություն, թե ինչ կարող է անել ՀՀ Ազգային ժողովը Ամուլսարի մասով
ՀՀ Սահմանադրության 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.
<<Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողով ներկայացնելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվում է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով>>
Այսինքն Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն:
Նույն 108-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն.
<<Քննիչ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են հանձնաժողովին տրամադրել հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ, եթե դրանց տրամադրումն օրենքով արգելված չէ։>>
Իսկ քանի որ Ամուլսարի հարցը ունի հանրային մեծ հետաքրքրություն, ապա քննիչ հանձնաժողով ստեղծել հնարավոր է, իսկ քանի որ դրա վերաբերյալ փաստաթղթերը փակ չեն, ապա դրանք առանց որևէ խոչընդոտի պետք է տրամադրվեն քննիչ հանձնաժողովին:
Բացի այդ, ըստ ՀՀ ԱԺ Կանոնակարգ Սահմանադրական օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.
<< 1.Քննիչ հանձնաժողովը կարող է իր`
1) անդամների առնվազն մեկ քառորդի նախաձեռնությամբ՝ առանց որոշման, գրավոր դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ պահանջելով իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ.
2) որոշմամբ դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց՝ հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար՝ պատվիրելով փորձաքննություններ, և ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.
3) որոշմամբ հանձնաժողով հրավիրել իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:
2. Քննիչ հանձնաժողովի պահանջած տեղեկությունները և եզրակացությունները պետք է նրան ուղարկվեն գրավոր դիմումը ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, եթե դիմումի մեջ ավելի երկար ժամկետ նշված չէ, կամ դիմումի հասցեատերը հանձնաժողովի պահանջը կատարելու համար ողջամիտ ժամկետ չի առաջարկում: Պետական, ծառայողական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունները հանձնաժողովի գրավոր դիմումով նրան են տրամադրվում օրենքով սահմանված կարգով: Հանձնաժողովի անդամները դիմումով պահանջվող տեղեկություններին առնչվող նյութերին կամ փաստաթղթերին կարող են ծանոթանալ նաև դրանց գտնվելու վայրում:>>
Վերջում էլ քննիչ հանձնաժողովը հանդես է գալիս զեկույցով:
Ստացվածից բխում է, որ ՀՀ Ազգային Ժողովը Ամուլսարի հետ կապված ունի քննիչ հանձնաժողով ստեղծելու, ուսումնասիրություններ կատարելու, եզրահանգումների և դրանից բխող իրավական հետևանքներ առաջացնելու իրական հնարավորություն, պետք է միայն ցանկություն:
Դե, հուսով եմ հասկացաք, որ կարող եք քննիչ հանձնաժողով ստեղծել ու քննարկել ցանկացած հարց, եզրակացություն ու փաստաթուղթ`կապված Ամուլսարի հետ:
Հաջողություն և ցտեսություն:
Ամուլսարը հանք չի դառնալու»։