Բաղրամյան պողոտայում ոստիկանները բերման են ենթարկում բնապահպաններին
Բաղրամյան պողոտայում ոստիկանության աշխատակիցներն սկսեցին բերման ենթարկել բնապահպան ակտիվիստներին, որոնք ցանկանում էին փակել Բաղրամյան պողոտան:
Այն բանից հետո, երբ ոստիկանները թույլ տվեցին բողոքի ակցիայի մասնակիցներին մտնել ԱԺ այգի, նրանք ցանկացան փակել պողոտան:
Ցուցարարներից ոմանք նստեցին գետնին: Ոստիկանությունը ժամանակ տվեց պողոտան ազատելու համար:
Քաշքշոց սկսվեց ոստիկանների եւ բնապահպանների միջեւ, կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել ցուցարարներին, այդ թվում բնապահպաններ Անի Խաչատրյանին, Գեղամ Ադյանին: Քաշքշոցի ընթացքում գետնին տապալվեց քաղակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ շատ անհամաչափ են ոստիկանության գործողությունները. «Դա ցույց է տալիս իրական հեղափոխության արդյունքը»:
Ցուցարարներից Անի Հակոբջանյանն էլ նշեց. «Մենք որոշել էինք խաղաղ քննարկում անցկացնել; ԱԺ այգում, ոչ մի բողոք չկար, բայց չգիտես ում հրահանգով որոշեցին, որ չպետք է մտնենք այգին: Մենք էլ որոշեցինք քննարկումն անցկացնել փողոցում»: