Վահագն Չախալյանը և ևս 3 քաղաքացի բերման է ենթարկվել Հյուսիսային պողոտայից
Ծեծի ենթարկելու կասկածանքով բերման են ենթարկվել ակտիվիստ Վահագն Չախալյանը և ևս 3 քաղաքացի: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Օգոստոսի 18-ին ժամը 23:50-ին ՊՊԾ գնդի ծառայողները զեկուցել են, որ 23:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում ծեծի ենթարկելու կասկածանքով բաժին են ներկայացրել 4 քաղաքացու, որտեղ պարզվել է, որ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Վերջիններս հրաժարվել են հաղորդում տալուց»,- հայտնեցին Ոստիկանությունից:
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան Վահագն Չախալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացնում էր Հյուսիսային պողոտայում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքը: Ուղիղ եթերի ընթացքում երևում է, թե ինչպես է ընդհարում տեղի ունենում ստորագրահավաք իրականացնողների և անցորդների միջև: