Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Բաղրամյան 26
Ջերմուկից մեկնարկել է ավտոերթ դեպի Բաղրամյան 26, որտեղ Ամուլսարի հարցով քննարկում է լինելու Ջերմուկ համայնքի ղեկավարի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարող 5 քաղաքացու հետ:
Ավտոերթին միացել են մի քանի տասնյակ քաղաքացիներ իրենց մեքենաներով:
Նշենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը:
Սակայն վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարություն տարածեց, որ վարչապետ Փաշինյանը Ջերմուկ չի մեկնի, փոխարենը երկուշաբթի օրը կհանդիպի շահագրգիռ կողմերին:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները: Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: