Վարչապետը Ջերմուկ չի գնա
Այդպիսի միջոցառում, այցելություն չկա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այսօր վարչապետը հանդիպելո՞ւ է Ջերմուկ համայնքի բնակիչների հետ, ովքեր դեմ են արտահայտվում Ամուլսարի հանքի շահագործմանը:
«Բայց վարչապետը նախատեսում է հանդիպում երկուշաբթի օրը: Երևանում հանդիպելու է համայնքի ղեկավարների, դպրոցի տնօրենների, ավագանու անդամների հետ, առայժմ այս ֆորմատով է նախատեսված: Այս պահին կառավարությունն ուսումնասիրում է ծավալուն փաստաթուղթը, որից հետո կանդրադառնա: Այս պահի դրությամբ՝ այսքանը»,-ասաց նա:
Ճշտող հարցին, թե հանքի շահագործմանն ընդդիմացող ակտիվիստների, բնակիչների հետ նախատեսված չէ՞ հանդիպում՝ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Այս պահին չեմ կարող ասել, քննարկվում է»:
Մամուլի քարտուղարը նշեց, որ բազմիցս ասել են, որ սպասելու են եզրակացությանը. «Եզրակացության արդյունքները կառավարության նիստում ներկայացվել է, եզրակացությունը միանշանակ չէ, տարբեր գործողություններ է ենթադրում, դրանց շուրջ քննարկումները դեռ շարունակվում են»:
Նշենք, որ «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը Tert.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ այդպիսի փորձաքննությունները չեն կարող իրենց մոտ կարծիք փոխել: «Մեր որոշումը վերջնական է` Ամուլսարում հանքարդյունաբերության էջը համարում ենք փակված»,-ասել է նա:
Իսկ ավելի վաղ կառավարության վերջին նիստում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ներկայացրել է Ամուլսարի փորձագիտական եզրակացության արդյունքները:
«Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի տերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան-Կեչուտ ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի ազդեցությունը Սևանա լճի ավազանի ծավալներում աննշան կլինեն: Համաձայն եզրակացության՝ դրա ազդեցության ռիսկերը կառավարելի կլինեն, եթե «Լիդիան» ՓԲԸ-ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից ներկայացվող մեղմման 16 միջոցները»,-ասել է նա: