«Մեզ սպառնացող ամենամեծ վտանգը կադրերի, նրանց գիտելիքների մակարդակն է». Ուզբեկստանի նախագահ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի համար երկրին սպառնացող ամենամեծ վտանգը կադրերի, նրանց գիտելիքների, կրթվածության և նվիրվածության մակարդակն է, գրում է gazeta.uz-ը:
«Մենք բոլորս հիմա փնտրտուքների մեջ ենք: Ձեզ բոլորիդ պետք է անհանգստացնի մի հարց. կկարողանա՞նք արդյոք նման ծանր պայմաններում կերակրել 33 միլիոնանոց բնակչությանը, բավարարել նրա պահանջները և իրականացնել մեր մեծ պլանները»,- առաջին կիսամյակում երկրի զարգացման քննարկմանը նվիրված խորհրդակցության ժամանակ ասել է երկրի ղեկավարը:
«Ինձ տանջում է մի հարց՝ ո՞րն է մեզ սպառնացող ամենամեծ վտանգը: Ամենամեծ սպառնալիքը կադրերի, նրանց գիտելիքների, կրթվածության, նվիրվածության մակարդակն է: Ցավալի է, բայց սա ամենաբարդ հարցն է»,- հայտնել է երկրի ղեկավարը:
Շավքաթ Միրզիյոևը նշել է, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է «հաշվետու լինի իր խղճի առաջ»։
Նա նաև հայտնել է, որ եթե նրանք իրենց չփոխեն, իրավիճակը չի փոխվի:
«Այսօր ժողով չի անցկացվում, այսօր մենք հաշվետու ենք մեր խղճի առաջ: Մենք ընտրության հնարավորություն ունենք»,- հայտնել է նախագահը և հավելել, որ իրենք կարող են այս հանդիպումից ճիշտ եզրակացություններ անել և աշխատել այդ ուղղությամբ:
«Ելնելով ժողովրդավարական պետության ձևավորումից և մեր առջև ծառացած մեծ մարտահրավերներից՝ կկարողանա՞նք արդյոք մեր ժողովրդին համոզել մեր խելքով, գիտելիքներով և հավատարմությամբ»,-ներկաներին հարցրել է նախագահը: