Արայիկ Հարությունյան, ձեզ հենց խաչապուրիից էլ պետք է հարցեր տան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի սուպերնախարար Արայիկ Հարությունյանին երեկ զայրացրեց դասախոսի խաչապուրի ուտելու վերաբերյալ իրեն ուղղված հարցը: Մարդը հուզվեց, հունից դուրս եկավ, զայրացավ: Ինքնասիրությունը վիրավորվել էր:
«Նախարարին եկել եք խաչապուրիի՞ց եք հարցնում: Բուհի շուրջ, բուհի ներքին հարցերն են, մանր հարցեր են, թող բուհում քննարկեն»,- ասել է նախարարը: Արայիկ Հարությունյան, այո, ձեզ հենց խաչապուրիից էլ պետք է հարցեր ուղղեն, որովհետեւ խաչապուրու թեման ամենատգետ, ամենագռեհիկ ձեւով բարձրացրեց ձեր նշանակած ռեկտորի պաշտոնակատարը:
Եթե ձեր ռեկտորի մակարդակը դա է, ապա ձեզ ուղղված հարցերն էլ համապատասխան պետք է լինեն: Եթե դուք վազում եք դպրոց եւ ուղիղ եթերում դրամահավաք կանխում, ընդ որում, ծաղիկի համար նախատեսված դրամահավաքը, եթե դուք քահանա եք դպրոցից վտարում, եթե ձեզ դուր չի գալիս ընտանիքի մասին հասարակագիտություն առարկայի դասագրքային պարզ եւ ընդունելի սահմանումը, ապա ձեզ հենց խաչապուրիից էլ պետք է հարցնեն:
Եթե չէիք ցանկանում, որ ձեզ խաչապուրու մասին հարց տային, ապա ռեկտորին դուրս շպրտեիք աշխատանքից նման լկտի եւ անմակարդակ պահվածքի համար, բայց դուք դա չեք արել:
Նախարարի հովանավորությունը վայելող մանկահասակ ռեկտորը տասնամյակներով կառուցված բուհ է քանդում, իսկ Արայիկ Հարությունյանը նեղվում է, որ իրեն խաչապուրուց հարց են տալիս, լավ, իսկ ի՞նչ հարց տան: Ձեզ միայն մեկ հարց է պետք տալ, եթե անկեղծ լինենք՝ ե՞րբ եք պաշտոնանկ արվելու:
Աննա Բաղդասարյան
Top-News.am