Իրանի հետ լարվածության ֆոնին ԱՄՆ-ն ռազմական մեծ օգնություն է առաջարկում Ադրբեջանին. ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերա
Միացյալ Նահանգներն Իրանի հետ դիվանագիտական և ռազմական ճնշումների ֆոնին որոշել է ավելի քան 100 մլն դոլար ռազմական օգնություն ցույց տալ հարևան Ադրբեջանին: Այդ մասին lobelog.com-ում գրել է Կենտրոնական Ասիայում, Կովկասում և Մերձավոր Արևելքում անվտանգության խնդիրների լուսաբանման գծով մասնագիտացած ամերիկացի լրագրող Ջոշուա Կուչերան՝ նշելով, որ գումարի տրամադրումն Ադրբեջանին նպատակաուղղված է Թեհրանից եկող վտանգին հակազդելուն:
ԱՄՆ ռազմական գերատեսչությունը՝ Պենտագոնն Ադրբեջանի մաքսային և սահմանային ծառայություններին 58,6 մլն դոլար է հատկացրել 2018 ֆինանսական տարում և 42,9 մլն դոլար՝ հաջորդ ֆինանսական տարում: Այդ մասին տվյալները նշվում են Կոնգրեսին ներկայացված Պենտագոնի զեկույցում:
Ինչպես նկատում է աղբյուրը, ֆինանսավորման ծրագրերն Ադրբեջանին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ռազմական օգնության շրջանակում աճում է վերջին տարիներին՝ գերազանցելով տարածաշրջանում որևէ այլ երկրի տրամադրվող օգնությանը: