Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն իրենց պահանջները ԲԴԽ-ին կներկայացնեն գրավոր (տեսանյութ)
Բարձրագույն դատական խորհրդի շենքի դիմաց ավելի քան երկու ժամ տևած բողոքի ակցիայից հետո ի վերջո ցուցարարներին մոտեցավ Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը և նրանց խնդրեց, որ իրենց պահանջները գրավոր ներկայացնեն, քանի որ ԲԴԽ-ն այս պահին նիստ է գումարել և հայտնի չէ, թե երբ կավարտվի:
Ակցիայի մասնակիցները միմյանց հետ քննարկելուց հետո որոշեցին վաղն առավոտյան ներկայացնել: Նշենք, որ նրանք պահանջում են բացատրություն, թե ինչու Քոչարյանի և մյուսների գործով չի իրականացվում դատավորություն, ինչու են արհեստական խոչընդոտներ ստեղծվում և ինչով է պայմանավորված ԲԴԽ անգործությունը:
Հայտնենք, որ ավելի վաղ 2-րդ նախագահի աջակիցները իրազեկման ակցիա էին իրականացրել Մարդու իրավունքների պաշտպանի և Բարձրագույն դատական խորհրդի շենքերի մոտ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ է: Նա այժմ գտնվում է կալանքի տակ: Գործի վարույթը կասեցված է, քանի որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ-ն որոշել է խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով: