Գյուղացու հոգեբանությունը դեռ սովետական է
Վերնագրից չի բխում, թե քաղաքաբնակների մտածողությունն արդեն սովետական չէ, պարզապես հիմա խոսելու ենք գյուղի եւ գյուղացու, ինչպես նաեւ գյուղատնտեսության մասին:
Տավուշի մարզում ինչպես այգեգործությամբ,այնպես էլ անասնապահությամբ զբաղվելու համար կան բավական բարենպաստ պայմաններ: Իհարկե, եթե այս մասին խոսեք տավուշցիների հետ, ապա նրանց առանվազն 80 տոկոսը կպնդի հակառակը, երանի տալով Արարատյան դաշտի գյուղացիներին:
Իրականությունը սակայն այն է, որ գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ է նախ եւ առաջ փոխել գյուղացու մտածողությունը: Նրանք կամ նրանց մեծ մասը դեռ սպասում է խորհրդային կարգերի հաստատմանը: Սպասում է, որ կոլխոզից եւ սովխոզից գողանա եւ տուն տանի, որ այս կամ այն հիմնարկում գրանցվի որպես աշխատող, չաշխատի, բայց աշխատավարձ ստանա: Նրանք չեն էլ թաքցնում, թե ինչու են սպասում սովետի վերադարձին:
Իսկ ով չի սպասում եւ աշխատասեր է, անցած 20-25 տարվա ընթացքում հսկայական ընտեսություններ են ստեղծել: Հայաստանյան չափանիշներով բավական ունեւոր ֆերմերներ են: Տավուշում շատերն են խոսում մի ընտանիքի աղքատ երկու եղբայրների մասին, որոնք առանց հայր մեծանալով, 1992թ. սկսած երկու կով պահելով այսօր հսկայական ֆերմա ունեն եւ բավական մեծ կարողության տեր մարդիկ են:
Նման օրինակներ շատ կան: Շատ կան, բայց մեծ մասը անիծում է իր օրը, չի ցանկանում գործով զբաղվել եւ երազում է Ռուսաստանում ուրիշի համար շինարարություն անելու, խոհարար աշխատելու եւ անգամ խոզ պահելու մասին: Հոգեբանություն է, մտածողություն է, ոչինչ չես անի:
Իսկ նրանք, ովքեր արդեն քիչ թե շատ լուրջ տնտեսություն են ստեղծել, սպասում են պետության աջակցությանը: Սպասում են, որ վերջապես գյուղնախարարությունն իր գործով զբաղվի եւ հեշտացնի կաթ եւ կաթնամթերք արտադրողի, միրգ աճեցնողի գործը հատկապես իրացման հարցում:
«Այնպիսի տպավորություն է, որ այս երկիրը, այս երկրի մեծահարուստները հատուկ աջակցում են ծույլ եւ անբան մարդկանց: Նրանց համար տուն են առնում, անասուն, իսկ մեզ նման աշխատող մարդկանց, որ տնտեսություն են ստեղծել բերք ու բարիք ենք տալիս, ձեռք չի մեկնում: Մեզ պետք է օգնեն, եւ ոչ թե անբաններին, որոնք ստացած անասունը կամ արագ վաճառում են կամ մորթում եւ միսն են վաճառում եւ կրկին մուրացկանությամբ զբաղվում»,- շատ դիպուկ նկատեց սարերում մեղվաբուծությամբ զբաղվող Անդրանիկը, որը 2002 ուներ ընդամենը չորս, իսկ հիմա արդեն 104 փեթակ:
Top-News.am