Ավինյանի հույսը թվերն են. պատրաստվում են երկնիշ տնտեսական աճ ունենալ, բայց հետո, մի երկու-երեք տարի հետո
Այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավականին սոլիդ թիվ է լինելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9–ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք այս տարի կառավարությունը տնտեսական աճի երկնիշ ցուցանիշ կապահովի, թե ոչ։
«Միգուցե ոչ գալիք երկու–երեք տարվա ընթացքում, բայց հետագայում երկնիշ տնտեսական աճը իրատեսական է։ Երկնիշ տնտեսական աճ ասելով չպետք է զուտ համախառն ներքին աճ հասկանանք, այլ մեր ուշադրությունը պետք է սևեռված լինի ՀՀ քաղաքացիների բարեկեցության, սոցիալական ծառայությունների վրա։ Այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշը բավականին սոլիդ թիվ է լինելու ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում»,–ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ քայլեր է իրականացնում կառավարությունը, որպեսզի մինչև 2050թ. ապահովի 9,5 % տնտեսական աճը, Ավինյանը պատասխանեց.
«Գալիք մի քանի տարիների ընթացքում խորքային բարեփոխումների վերանայման պայմաններում իներցիոն մոտեցումները փոխվելու են, մանավանդ ներառական տնտեսական աճի մոդելի ներդրման, կրթական և առողջապահական ծրագրերի ներդրման պարագայում, երբ մենք աշխատելու ենք ուղղակիորեն մարդկային կապիտալը զարգացնելու ուղղությամբ։
Երբ գալիք տարիներին որոշակի փոփոխություններ տեղի ունենան կրթական, առողջապահության համակարգում, գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ժողովրդագրության նոր ծրագրերի արդյունքում, համոզված եմ, որ սա չի կարող իր լրջագույն էֆեկտները չունենալ»,–ասաց Ավինյանը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am