Amazon-ի ղեկավարը 1,84 մլրդ դոլարով վաճառել է ընկերության գրեթե 1 մլն բաժնետոմս
Ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող Amazon խոշորագույն ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը վաճառել է իր ընկերության գրեթե 1 մլն բաժնետոմս՝ ընդհանուր 1,84 մլրդ դոլար արժողությամբ, հայտնում է Forbes-ը:
Ըստ աղբյուրի տվյալների՝ հարկերի վճարումից հետո Բեզոսին կմնա շուրջ 1,4 մլրդ դոլար:
Հաղորդվում է, որ ընկերության հիմնադիրը բաժնետոմսերը վաճառել է հուլիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում: Մինչ այս նա վաճառել էր ընկերության արժեթղթերը 2018 թվականի հոկտեմբերին:
Մեկ տարի առաջ Բեզոսը դարձել էր մոլորակի ամենահարուստ մարդը. նրա կարողությունը գերազանցել էր 150 մլրդ դոլարը: Աղբյուրի հաղորդմամբ՝ հունվարին՝ կնոջից բաժանությունից հետո, նրա կարողությունը կրճատվել է, սակայն գործարարը 117 մլրդ դոլար ցուցանիշով նախկինի պես շարունակում է գլխավորել միլիարդատերերի ցուցակը:
Հուլիսի 15-ին հաղորդվել էր, որ Ջեֆ Բեզոսը Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց շրջանում եզրափակիչ խաղի ժամանակ առաջին անգամ ներկայացել էր նոր ընկերուհու՝ 49-ամյա հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի ընկերակցությամբ: