Դանիայում՝ անտառի խորքում, ծառի վրա կառուցված հյուրանոց-տնակ է գործում (լուսանկարներ)
Դանիայի Մարիգեր ֆյորդի (ժայռոտ ափեր ունեցող, նեղ և ոլորուն ծովածոց – Tert.am) տարածքում գտնվող փոքրիկ անտառում ծառի վրա կառուցված հյուրանոց-տնակ է գործում, գրում է Daily Mail-ը:
Հյուրանոցի կառուցման համար բնությանը ոչ մի վնաս չի հասցվել, իսկ սոճին, որի շուրջ կառուցվել է գողտրիկ հյուրանոցը, խոյանում է դրա մեջտեղում:
Løvtag անունով հյուրանոց-տնակում առկա է հյուրասենյակ, ննջասենյակ, խոհանոց և պատշգամբ, տաք ջուր, էլեկտրականություն և բացօթյա ցնցուղ: Այստեղ մեկ գիշերը երկու հոգու համար 410 դոլար արժե՝ ներառյալ թեթև նախաճաշը:
Տունը կառուցվել է Բեռլինում բնակվող դանիացի ճարտարապետ Սիգուրդ Լարսենի մտահղացմամբ: Վերջինս ծրագրում է տարածքում ևս 8 նմանատիպ տնակ կառուցել՝ յուրաքանչյուրը տարբեր ծառի բնի շուրջ: