Երևան-Սևան պայթյունի վայրից մեքենան առևանգողը Մելիք Մանուկյանի որդին էր. իրավապահները մեքենան հետ են բերել (տեսանյութ)
Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրը վերահսկվում էր ոստիկանության ծառայողների կողմից: Պայթյունի հետևանքով վնասված մեքենաներից մեկը՝ 555ԼԼ05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերը», առանց իրավապահների թույլտվության, մի քաղաքացի հեռացրեց դեպքի վայրից:
Tert.am-ի տեղեկություններով «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան դեպքի վայրից հեռացնողը եղել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի(Շշի Մելո) որդին:
Tert.am-ի թղթակիցը տեսանկարահանել է, որ դեպքի վայրից հեռացվելուց հետո մեկ ժամ անց ոստիկանները մեքենան հետ են բերել դեպքի վայր:
Ավելի ուշ Ոստիկանության լրատվության վարչությունը հայտնեց, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում կարճ ժամանակում մեքենան հայտնաբերվել և վերադարձվել է դեպքի վայր։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:
Հիշեցնենք, որ Երևան-Սևան ճանապարհի շշերի գործարանի հատվածում պայթյուն է եղել ինչի հետևանքով երկու մեքենա վնասվել է, վնասվել է նաև ճանապարհահատվածի ասֆալտը, պայթյունի հետևանքով տուժածներ չկան: