Արցախը փորձադա՞շտ՝ արկածախնդիրների համար
Արցախի ներքաղաքական զարգացումների մասին տեղեկատվությունը, ոչ թե քաղաքական գործընթաց է հիշեցնում, այլ արկածախնդրություն։
Սպառնալքիներ, կոչեր, ապակայունացման ծրագրեր։ Սա այն ամենն է, ինչը քսան տարի երազում է Ադրբեջանը։ Եւ հիմա մենք սկուտեղի վրա, մեր ձեռքերով այդ նվերը տալիս ենք Ադրբեջանին։
Դեռ ժամանակ կա եւ պետք է անել ամեն ինչ ադրբեջանական նվերը չեղարկելու համար։ Արցախում ապակայունացման կոչերը, պլանները,արտահերթ ընտրությունների գաղափարը՝ դասական իմաստով Տրոյական ձի է, որը ներսից անելու է այն, ինչը դրսից ադեն երկու տասնամյակ է չի կարողանում անել թշնամին։
Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ Արցախի իշխանություններին հոխորտում են ու ներարցախյան «ջրերի զուլալության» մասին խոսում Արցախի հետ որեւէ կապ չունեցող Գագիկ Մելքոնյանն ու ապարանցի Ռազը` Ռազմիկ Պետրոսյանը։ Սա մի առանձին թեմա է, քանի որ սրանց անունը որտեղ կա ուրեմն սպասեք մուտիլովկաներ, կեղտոտ գործարքներ, բազմակի խաղ։
Ի՞նչ են անում Գագիկ Մելքոնյանը եւ Ռազմիկ Պետրոսյանն Արցախում: Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը եւ «Ազատամարտիկների դաշինքի» ներկայացուցիչ Ռազմիկ Պետրոսյանը կյանքի այս փուլում պարապ են մնացել, ոչ մեկին պետք չեն։ Եվ դա ձգտում են փոխհատուցել Արցախում ապակայունացման տանող գործունեությամբ։
Կյանի տարբեր փուլերում, որտեղ ակտիվ են եղել այս մարդիկ, եղել է պղտորում, լարվածություն, արյունահեղություն։ Հիմա սրանք Հայաստանից գաստրոլների են գնացել Արցախ։
Գագիկ Մելքոնյանը 2008թ. մարտին լինելով ՀՀ պաշտպանության փոխնախարար, մոռանալով իր դիրքը, իր պաշտոնը ակտիվ միջամտում էր քաղաքական եւ մեղմ ասած, ոչ քաղաքական գործընթացներին: Հետեւանքների մասին գիտեն բոլորը:
Նույնը վերաբերում է նաեւ ապարանցի Ռազին, որը կրկին ինքնամոռաց մասնակցեց մարտի մեկյան իրադարձություններին:
Նրանց հետագա գործունեությունը եւս աչքի է ընկել արկածախնդրությամբ, եւ որտեղ էլ որ հայտնվել են, գործը տապալվել է, բացասական հետեւանքներով: Մարտի 1-ից հետո մոռացության մատնված այս զույգը ակտիվ փորձում էին միջամտել Ծառուկյանի գխվարությամբ հայտնի քառյակի գործունեությանը։ Դարձյալ անառողջ մթնոլորտ, դարձյալ երկակի խաղեր ու դարձյալ պարտություն։
Նրանք 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Սամվել Բաբայանի օգնությամբ հաջողացրին հայտնվել «Համախմբում» եւ Ժառանգություն կուսակցությունների կողքին, հաջողացրեցին ազդեցիկ դիրքեր գրավել։ Դրա արդյունքում վանեցին մի խումբ լուրջ մարդկանց, եւ վերջում հաջողությամբ տապալեցին գործը:
Ի՞նչ կարելի է ասել, մտածել այն մարդու մասին, որը լինելով պաշտպանության փոխնախարար, մարտի 1-ի նախօրյակին փորձում էր բանակը ներքաշել քաղաքական պրոցեսնեերի մեջ։ Սա պետության եւ ուսադիրների հանդեպ բացարձակ անպատասխանատվություն էր։ Բայց Հայաստանում ամեն ինչ շուտ է մոռացվում։ Հիմա էլ արկածախնդրություն են հրահրում թշնամու դիմաց հպարտ կանգնած Արցախում։
Սա արդեն ազգային անվտանգության հարց է, որը չպետք է դուրս մնա արցախյան իշխանությունների ուշադրությունից: Եվ բոլոր օրինական միջոցներով նրանք ուղղակի պարտավոր են ապահովել երկրում կայունությունն ու ներքին համերաշխություն։ Պարզապես նրանց պետք է վտարել Արցախից. նրանց եւ մի քանիսին հայտարարել Persoba non grata եւ վտարել։
Ըստ մամուլի հրապարակումների, Գագիկ Մելքոնյանը եւ ապարանցի Ռազը մի այլ կեղտոտ գործ էլ են անում՝ բնակչության հետ հանդիպումներում հայտարարում են, թե Արցախի բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են հանձնել հողերը, եւ որ միայն իրենք են դեմ այդ գործարքին: Ու սա ասվում է Արցախում, որտեղ չկա ընտանիք առանց զոհի, որտեղ ցանկանացած ընտանիք այս պահին առաջին գծում հարազատ ունի։ Սա ասում է Արցախի այսօրվա նախագահի՞ն, որը կյանք է դրել հաղթանակի համար, թե՞ գեներալներին, ովքեր սեփական կյանքով են վաստակել խաղաղ ապրելու իրավունքը։
Արկածախնդիրներին թողնել Արցախում այսքան վտանգավոր գործունեություն ծավալել, կարծում ենք անթույլատրելի է: Ի՞նչ կապ ունեն նրանք արցախցիների եւ Արցախի հետ՝ ոչ մի կապ: Նրանք չենք կարող խաղալ արցախցիների եւ այնտեղ իրենց զինվորական ծառայությունն անցկացնող 18-20 տարեկան տղաների եւ բոլոր զինվորականների ճակատագրերի հետ: Եւ շատ կարեւոր է , որ Երեւանից բոլոր մակարդակներով այսօր հնչի սատարման եւ աջակցման խոսք Արցախի օրինական իշխանություններին ուղղված, եւ մերժվի ապակայունացման ցանկացած միտում։
Վարդան Մխիթարյան
Top-News.am