Բրազիլիայի նախագահը սանրվածքի պատճառով չեղարկել է Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպումը (տեսանյութ)
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն սանրվածքի պատճառով չեղարկել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ հանդիպումը։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը:
Հաղորդվում է, որ Լը Դրիանի հետ Բրազիլիայի նախագահի հանդիպումը պետք է կայանար հուլիսի 29-ին, սակայն ընդունելությունը չեղարկվել է բրազիլացի առաջնորդի «ծանրաբեռնվածության պատճառով»:
Մի քանի րոպե անց Facebook-ում հայտնվել է 12 րոպեանոց տեսանյութ, որում վարսահարդարը կտրում է Բոլսոնարուի մազերը:
Բրազիլիայի նախագահի մամուլի ծառայությունում ավելի ուշ բացատրել են, որ Բոլսոնարուն աշխատում է առավոտյան 4-ից մինչև կեսգիշեր, և նա պետք է նաև ժամանակ գտնի վարսավիրի համար:
Նույն օրն ավելի վաղ Բրազիլիայի նախագահը հայտարարել էր, որ իր մոտ հանդիպում էր նախատեսված «կարծես թե Ֆրանսիայի վարչապետի հետ», և ենթադրվում էր քննարկել բնապահպանական հարցեր:
Նա ընդգծել էր, որ ֆրանսիացի պաշտոնյան պարտավոր է իր նկատմամբ հարգանք դրսևորել և հասկանալ, որ Բրազիլիայում փոխվել է իշխանությունը, և նա այլևս չի քծնի աշխարհի առաջատար երկրներին:
Հիշեցնենք, որ Բոլսոնարուն նախագահի պաշտոնը ստանձնել է 2019 թվականի հունվարի 1-ին։ Նա դարձել է ուլտրաաջ հայացքների տեր առաջին քաղաքական գործիչը, որին հաջողվել է հաղթել երկրի նախագահական ընտրություններում՝ 1985 թվականին ռազմական բռնապետության անկումից հետո։