Նիկոլի աղբը
Հայաստանի մայրաքաղաքը պատված է աղբով: Ամենուր աղբակույտեր են: Երեւանը դեռ երբեք այսքան կեղտոտ եւ անխնամ չի եղել:
Բազմաբնակարան շենքերի մուտքերը «զարդարված» են աղբի կույտով, Երեւանի փողոցների, այդ թվում ամենակենտրոնական փողոցների բաղկացուցիչ մասն են դարձել աղբակույտերը: Ամենուր գարշահոտություն է բուրում, իսկ ջերմաստիճանը 40 աստիճան է:
Սա Նիկոլի, սա վարչապետ պարոն Փաշինյանի աղբն է: Մի կենտրոնացեք միայն Կարգին Հայկոյի՝ Հայկ Մարությանի վրա: Դեռ ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը նախ իր կուսակիցներին, ապա վարչության անդամներին, բառիս բուն իմաստով մատուցեց Հայկ Մարությանին, առաջարկելով, պարտադրելով նրան դարձնել Երեւանի քաղաքապետ, իսկ հետո հուզականության բարձրագույն աստիճանի վրա գտնվող երեւանցիների մի մասին կոչ արել դերասանին, քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող մարդուն ընտրել քաղաքապետ:
Երեւանցիների մի մասը, իսկ ավելի կոնկրետ ընտրություններին մասնակցածների յոթանասուն տոկոսը Կարգին Հայկոյին վստահեցին Երեւանը՝ լսելով Նիկոլ Փաշինյանին, հետեւաբոր, այս կեղտոտ իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է հենց վարչապետի վրա:
Այնպես որ, սա Նիկոլ Փաշինյանի աղբն է: Եւ սա անհերքելի իրողություն է: Նույն աղբը կուտակված է գիտության եւ կրթության ոլորտում, քաղավիացիայում, բնապահպանությունում, մարզերում, տնտեսությունում, պարզապես միայն Երեւանի աղբն է երեւում եւ բուրում:
Վարդան Մխիթարյան
Top-News.am