Իվանիշվիլիի նստավայրում անվտանգության հատուկ միջոցներ են ձեռնարկվում
Հունիսի 20-ին Ռուսթավելիի պողոտայում ծավալված իրադարձություններից հետո ավելի քան մեկ ամիս է` Բաթումից 43կմ հեռավորությամբ գտնվող Շեկվեթիլիում՝ Իվանիշվիլիի նստավայրի մոտ, ՆԳ նախարարի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են ընթանում:
Ընդդիմադիր «Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ` ցուցարարները պնդել են, թե Իվանիշվիլիի համբերությունը սպառվել է և կարգադրել է առանձնատան մոտ անվտանգության հատուկ միջոցներ ձեռնարկել: Պալատի շուրջ փոսեր են փորվում: Տեղափոխում են հարվածակայուն ապակիներ՝ դրանք պահեստավորելով մուտքի մոտ:
«Նրանք բերում են հարվածակայուն ապակիներ և պաշտպանական տեխնիկա, և այս ամենը տեղադրված է ինչպես բնակելի տան տարածքում, այնպես էլ դենդրոլոգիական պարկի տարածքում: Բիձինա Իվանիշվիլին վախեցած է, նա ահազանգում է, և կարծում է, որ ապակե պատերը նրան կօգնեն, ոչ ոք նրա հետ չի պայքարում: Ստիպված կլինի պատասխանել օրենքի առաջ»,- ասել է «Միացյալ ազգային շարժում » կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Մժավանաձեն:
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ներկայացուցիչը հերքել է տեղեկությունը, թե Իվանիշվիլին իր տանը հարվածակայուն ապակիներ է տեղադրել: Նրա խոսքերով՝ Իվանիշվիլիի տան մոտ նկատված ապակիները ակրիլային են և նախատեսված են հսկա ակվարիում կառուցելու համար և ավելի քան մեկ տարի է՝ գտնվում են առանձնատան տարածքում:
Միլիարդատեր Իվանիշվիլին հայտնի է կենդանիների հանդեպ սիրով: Նրա «կենդանիների բուծարանում» եղել են շնաձկներ, պինգվիններ և այլ էկզոտիկ կենդանիներ: