Ս-400-ների գնումը չի ազդի ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վրա. Թուրքիայի ԱԳ նախարար
Անկարայի կողմից ռուսական Ս-400 զինթահրթիռային համալիրների ձեռքբերման շուրջ իրավիճակը չի ազդի ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Երեքշաբթի Թաիլանդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն: Տեսանյութը տարածել է Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ՆԱՏՕ-ի հետ խնդիրներ չունենք, դուք կարող եք նայել գլխավոր քարտուղարի եւ նրա տեղակալի հայտարարությունները՝ կապված Ս-400-ի եւ այլ թեմաների հետ: Թուրքիան երկրների առաջին հնգյակում է, որոնք ՆԱՏՕ-ում զգալի ավանդ ունեն: Այնպես որ՝ թեման, որ Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ խնդիրներ կան, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում չի բարձրացվել: Այս հարցն ավելի շուտ առնչվում է Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների երկկողմ հարաբերություններին»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Չավուշօղլուն այցով Թաիլանդում է, որտեղ ընթանում է Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի նախարարական խորհրդակցությունը: Ավելի վաղ թուրք նախարարը հանդիպել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր:
2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել էր Թուրքիայի հետ Ս-400-ների մատակարարման պայմանագրի կնքման մասին, դրա արժեքը կազմում է 2,5 մլրդ դոլար։ Անկարան կստանա երկու դիվիզիոն համալիր։ Պայմանագրով նախատեսվում է արտադրատեխնոլոգիաների մասնակի հանձնում թուրքական կողմին։ Առաջին մատակարարումները սկսվել են հուլիսի 12-ին։
Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերման դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն: Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը գրավոր հայտարարությամբ հայտնել էր, որ ռուսական Ս-400 ԶՀՀ ձեռք բերելու Թուրքիայի որոշումը անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների ստեղծման ծրագրին:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում