Իսկական պետական գործչի պահվածք
Օրերս մի շատ հետաքրքիր գործողություն տեղի ունեցավ Ղրղզստանում։ Երկրի իշխանությունները քրեական հետապնդում են սկսել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նկատմամբ։ Շատ նման հայաստանյան սցենարին։ Եւ հենց այդ ժամանակ Աթանբաեւը հայտվում է ռուսական ավիաբազայում եւ այնտեղից հատուկ ինքնաթիռով ուղեւորվում Մոսկվա։ Ժամեր անց տարածվում է պաշտոնական հաղորդագրություն, համաձայն, որ Աթամբաեւին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ղրղզստանի նախկին նախագահը նախընտրեց խուսափել ղրղզական արդարադատությունից, հասկանալով, որ այնտեղ իր փաստարկները որեւէ մեկը չի լսելու եւ հաշվի չի առնելու: Աթամբաեւը նախընտրեց Ռուսաստանի աջակցությամբ, այն էլ ցուցադրական աջակցությամբ հեռանալ երկրից:
Եւ այստեղ ակամա հիշում ես, որ ընդամենը մեկ տարի առաջ արտերկրում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ առաջին իսկ հրավերով արտերկրից վերադարձավ հայրենիք, գիտակցելով, որ ենթարկվելու է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդման, գիտակցելով, որ իր եւ իր փաստաբանների փաստարկները կարող է կուլ գնան քաղաքական պատվերին:
Երկու նախագահ, երկու տարբեր կեցվածք: Մեկը նախընտրեց ապահով եւ փափուկ կեցությունը, իսկ մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն ոչ միայն պահեց իսկական տղամարդու, այլ պետական գործչի նման՝ ընտրելով ժամանակավոր զրկանքը, բայց պահելով իր արժանապատվությունը։
Ռոբերտ Քոչարյանն ապացուցեց, որ ինքն իսկական ղեկավար է, պետության իսկական առաջնորդ եւ լավ է հասկանում, թե ինչ է նախագահի դիրքը եւ ինչպես իրեն պետք է պահի պետության ղեկավարը ցանկացած պարագայում: Ռոբերտ Քոչարյանը գլուխը բարձր վերադարձավ Հայաստան, հասկանալով, որ կալանավորվելու հավանականությունը շատ մեծ է, վերադարձավ, որ կռիվ տա այս երկրի ներկայի եւ ապագայի համար:
ՀՀ երկրորդ նախագահը որոշեց մնալ եւ պայքարել, որովհետեւ գիտակցում էր եւ գիտակցում է, որ պատասխանատվություն ունի այս երկրի եւ ժողովրդի համար, որոնց համար, մեղմ ասած, քիչ բան չի արել:
Top-News.am