Զոհ հայ-ադրբեջանական սահմանում եւ դատավորի հալածանքը
Առաջին հայացքից հայ զինվորի սպանությունը Հայաստանի սահմանին եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ սկսված հալածանքները միմյանց հետ որեւէ կապ չունեն, բայց սա միայն առաջին հայացքից:
Հարեւան երկրում հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, տեսնում, թե մեր երկրում ինչ մթնոլորտ է իշխում: Եւ երբ Ադրբեջանում նկատում են, որ Հայաստանում կալանավորում են Արցախի ազատագրման գործում հսկայական ավանդ ունեցող ՀՀ երկրորդ նախագահին, որի նախագահության տասը տարիներին չէին էլ մտածում ռազմաճակատի գծում գեթ մեկ կրակոց արձակելու մասին, իսկ նրա խափանման միջոցը փոխելու խնդրանքը, որը ներկայացրել էին Արցախի ներկա եւ նախկին նախագահները լումայի արժեք անգամ չունի, ապա մտածում են, որ կարող են հանգիստ կրակել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանի ուղղությամբ:
Իսկ ինչու չկրակեն, երբ Հայաստանում քրեական գործեր են հարուցված մի խումբ զինվորականների նկատմամբ, որոնք վերջին դերակատարումը չեն ունեցել Արցախի ազատագրման գործում: Ինչու չկրակեն, երբ Հայաստանում հալածանքի է ենթարկվում դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը համարձակվել էր փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը եւ նրան ազատ արձակել:
Ինչու չկրակեն, ինչու չվիրավորեն, չսպանեն Հայաստանի սահմանին կանգնած զինվորներին, երբ Հայաստանում սահման պահած, ապրիլյան պատերազմի մասնակից տղային բողոքի գործողությանը մասնակցելու համար տանից ծեծելով հանում եւ կալանավորում են:
Ինչու չկրակեն, երբ Հայաստանում որոշում կայացնում են, բարձր դիրքերում են զինվորական ծառայությունից խուսափածները, իսկ օրինակ նա, ով Ստեփանակերտի ռմբակոծությունների եւ հրթիռակոծությունների ժամանակ իր ընտանիքով այնտեղ էր եւ կերտում էր Արցախի ապագան, այժմ բանտում է, իսկ նրան կալանքից ազատած դատավորի դեմ քրեական գործ է հարուցվում:
Եւ վերջապես ինչու չկրակեն Հայաստանի պետական սահմանի ուղղությամբ, երբ ՀՀ իշխանությունները հաջողությամբ փչացրին հայ-ռուսական հարաբերությունները եւ գերջանքեր են գործադրում դրանք էլ ավելի փչացնելու համար:
Եւ վերջապես ինչու չկրակեն, երբ հայաստանյան հանրությունը ավելի ակտիվ քննարկում է Սեւանա լճում Նիկոլ Փաշինյանի լող տալը, բայց ոչ Հայաստանի ուղղությամբ հնչող կրակոցները կամ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների դադարեցումը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am