Քաղաքային իշխանությանը կես ժամ պետք է փակել այս տանը, որից հետո, հուսով եմ, կկայացնեն ադեկվատ որոշում. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցությանպատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամների հետ միասին այցելել է Փակ շուկայի (որն այժմ «Երեւան սիթի» է) հետնամասում գտնվող անմխիթար վիճակում գտնվող հյուղակները, որոնք Նաիրա Զոհրաբյանն անվանեց գետտոներ:
«Նման գետտոներ երեւի նացիստական ճամբարներում չեն եղել: Սա պետք է մնա Երեւանի բոլոր քաղաքապետերի ամոթը: Սա պատմական տուն չէ, որ պահեինք մարդկանց ցույց տալու համար, թե մարդիկ ինչպես են ապրել միջնադարում: Սա իրական Երեւանն է, իրական մարդիկ, որ ապրում են այսպիսի պայմաններում»,-ասաց Զոհրաբյանը:
Նա ցույց տվեց դուռը, որն այնքան նեղ էր, որ մի քիչ գեր մարդը դժվար կարողանար ներս մտնել. «Արմեն ջան, դու երեւի չես կարող մտնել»,-ասաց Զոհրաբյանը՝ դիմելով ԲՀԿ-ական Արմեն Ներսիսյանին:
Տան ընդհանուր մակերեսը, ըստ նրա, 12 քմ է, որը չունի անգամ սանհանգույց:
«Ամեն օր այս տունը կարող է փրլվել: Այս գետտոյի հարցը ԲՀԿ խմբակցության անդամները քանիցս բարձրացրել են քաղաքային իշխանությունների առաջ, ավագանու նիստերի ժամանակ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ հավելեց, որ քաղաքապետը արձագանքել է, որ այդպիսի տներ Երեւանում շատ կան, եւ իրենք չեն կարող բոլորի հարցը լուծել:
«Քաղաքային իշխանությանը կես ժամ պետք է փակել այս տանը, որից հետո, հուսով եմ, կկայացնեն ադեկվատ որոշում»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am