Հանցավոր համակարգի համար պատասխանատու սուբյեկտների ցանկը
«Ժամանակը» գրում է. Հասարակական շրջանակներ, կազմակերպություններ, հանրային տարբեր շերտեր ավելի ու ավելի հաճախ են խոսում Հայաստանում իշխած համակարգին քաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին, հատկապես այն ներքաղաքական զարգացումների համատեքստում, որ տեղ նոր իշխանության, այսպես ասած, գլխավոր դիմակայող ուժը ոչ թե նոր ընդդիմությունն է, այլ նախկին համակարգը։ Հեղափոխությունից հետո քաղաքական գնահատականի անհրաժեշտությունն իրապես առկա է, հաշվի առնելով այն, որ առկա է նախորդ համակարգի ուղղակի հանցավոր բնույթի վերաբերյալ հանրային գերիշխող կարծիք։
Մյուս կողմից, սակայն, արդյո՞ք քաղաքական գնահատականն այստեղ լուծում է հարցը։ Քաղաքական գնահատականն ինքնին կարող է հնչել, սակայն պետք է հասկանալ, թե ինչ իրավական կամ բարոյական հետեւանք պետք է ունենա այն։ Իսկ այստեղ արդեն խնդիրը բարդանում է, որովհետեւ առաջանում է այդ հետեւանքի համար անհրաժեշտ կոնկրետության հարց՝ նախկին համակարգ ասվածը սահմանելու համար, դրանում եղած բոլոր դետալները գնահատելու համար։
Ինչ սկզբունքներով է սահմանազատվելու նախկին համակարգի ոչ միայն շրջանակը, այլ նաեւ դրանում եղածների պատասխանատվության աստիճանն ու առաջնայնությունը։ Օրինակ՝ ընտրակեղծարարության մասնակցած ուսուցիչը նախկին համակարգի «զո՞հ» է, թե՞ պատասխանատու։ Իսկ այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ, որովհետեւ փորձենք հասկանալ՝ ի՞նչ կլիներ, եթե ամեն ուսուցիչ իր տեղում դիմադրեր։ Եվ այդպիսի «ուսուցիչները», ամենատարբեր բնագավառներում, իսկապես շատ են։
Մյուս կողմից քաղաքական գնահատական տալ լոկ մի քանի բարձրաստիճան անձանց, կնշանակի զբաղվել ինքնախաբեությամբ։ Ըստ այդմ, մենք կանգնած ենք բավականին լուրջ խնդրի առաջ՝ ո՞րն է մեխանիզմը, Հայաստանում առկա է մեխանիզմների վերաբերյալ լուրջ ճգնաժամ։ Կա համընդհանուր հռետորաբանություն այս կամ այն բանն անել-չանելու վերաբերյալ, բայց կա այդ անելու եւ չանելու շատ հստակ մեխանիզմների ճգնաժամ՝ չի ներկայացվում որեւէ հստակ մեխանիզմ, ինչպես ընդունված է ասել՝ ճանապարհային քարտեզ, գնահատման չափանիշներ, սանդղակ եւ այլն։ Դա չի ներկայացնում թե՛ իշխանությունը, թե՛ այլ սեգմենտները, որոնք դժգոհում են, որ իշխանությունը չի ներկայացնում։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում