Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը 35 մլն եվրոյից կդառնա 70 մլն եվրո. ԵՄ դեսպան
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում անցյալ տարի, կարևոր էր, որովհետև դրա արդյունքում գրանցվեցին դրական երևույթներ: Դրանցից մեկն առաջընթացն է, վստահության ձեռքբերումը դեպի ընտրությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանն աննախադեպ մակարդակ է ապահովել ժողովրդավարության զարգացման համար՝ մասնավորապես վերջին ընտրություններով, բայց պետք է անել նաև հաջորդ քայլը: Ամեն ինչ սկսում է ընտրություններից ու կարող եք հպարտանալ, որ առաջին քայլն արել եք»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա ԵՄ դեսպանը նկատեց, որ ՀՀ-ն քաղաքական կամք է ցուցաբերել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, իսկ առանց դրա հնարավոր չէ ապահովել առաջընթաց:
«Հայաստանի հաջորդ կարևոր ձեռքբերումը անպատժելիության զգացումի վերացումն է: Որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են: Հայաստանի սովորական քաղաքացիների համար, կարծում եմ, որ կարևոր էր ձերբազատվել այս զգացումից, որ կան նման մարդիկ: Այժմ ժամանակն է կառուցելու արդար ու անբիծ դատաիրավական համակարգ»,- հավելեց Պյոտր Սվիտալսկին:
ԵՄ դեսպանը նշեց, որ ոչ մի կառավարություն անսխալական չէ, բայց դրանք կարելի է շտկել:
Հարցին, թե կոնկրետ որքա՞ն է ավելացել ԵՄ աջակցությունը, Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն ասել էր, որ այն գրեթե կրկնապատկվել է, Սվիտալսկին պատասխանեց. «Տարեկան աջակցության միջին մակարդակը ՀՀ-ին կազմել է 35 մլն եվրո: Խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է: 2019թ.-ին աջակցության մակարդակը կհասնի 70 մլն եվրոյի: Խոսքը երկկողմանի գործընթացի մասին է՝ ինչու եմ նշում, որովհետև կա նաև բազմակողմանի աջակցություն, այլ տարբերակներ: Իսկ այստեղ խոսքը երկկողմանի ծրագրային աջակցության մասին է, որը 35 մլն-ից կդառնա 70 մլն: Մենք հիմա քննարկում ենք, թե որտեղ օգտագործել այս փողը: Չեմ բացահայտի, թե որ ուղղությամբ ենք շարունակելու, բայց այն կուղղվի ծրագրերի իրականացմանը»:
Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն սկսելու է տեխնիկական քննարկում հաջորդ բազմամյա ֆինանսական շրջանակի վերաբերյալ. «Մենք գիտենք, թե ինչ ունենք, բայց այն ինչ տեղի կունենա 21թ.-ից հետո, կքննարկվի հիմա՝ Բրյուսելում: Եթե բարեփոխումների արագությունը պահպանվի, Բրյուսելը դրան համապատասխան վերաբերմունք ցույց կտա»: