Զելենսկու կուսակցությունը Գերագույն ռադայի ընտրություններում պահպանում է առաջատարի դիրքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը 42,19 տոկոս ձայնով պահպանում է առաջատարի դիրքը Յուրի Բոյկոյի «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության նկատմամբ (12,75 տոկոս), վկայում են ԿԸՀ-ի տվյալները՝ արձանագրությունների 35,51 տոկոսի հաշվարկից հետո, գրում է ria.ru-ն:
Երրորդ տեղը զբաղեցնում է նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ ձայների 8,71 տոկոսով: Այնուհետև՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ 8,15 տոկոս ձայնով, հնգյակը եզրափակում է երաժիշտ Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6,39 տոկոս ձայնով:
«Ժողովրդի ծառա» նախագահական կուսակցության թեկնածուները հաղթում են 117 միամանդատ շրջաններում, 51 միամանդատ շրջաններում հաղթում են ինքնաառաջադրված թեկնածուները: Այս մասին են վկայում Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալները:
«Ուկրաինսկայա պրավդա» թերթի տվյալներով՝ Զելենսկու կուսակցությունը կարող է կուսակցական ցուցակներով 121 տեղի հույս ունենալ, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցությունը՝ 36, «Եվրոպական համերաշխություն» կուսակցությունը՝ 25, «Բատկիվշչինա»-ն՝ 25 և «Գոլոս»-ը՝ 19:
Այսպիսով՝ Զելենսկու կուսակցությունը խորհրդարանում ստանում է մոտավորապես 238 տեղ։ Արդեն 226 տեղանոց մեծամասնությունը նրան հնարավորություն է տալիս ինքնուրույն կառավարություն ձևավորելու՝ կոալիցիա չկազմելով այլ ուժերի հետ։
Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 21-ին, Ուկրաինայում անցկացվել են Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում