Երբ մարզպետը զուրկ է պետական մտածողությունից
Ամենահեշտ էժան հեղինակություն վաստակելն է, բայց այդ հեղինակությունը, որպես կանոն, շատ արագ անհետանում է, զրոյանում:
Օրեր առաջ, երբ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը անտառահետման թեմաներով «բազառների» մեջ էր, խոսում էր պետության շահերից, բայց պարզվում է նա պետական մտածողություն չունի:
Այսպես, այսօր՝ հուլիսի 21-ին նա դիմել է տավուշցիներին՝ շնորհավորելով նրանց Վարդավառի կապակցությամբ, հետո հորդորել անտառը մաքուր պահել, եւ այլն, եւ այլն:
Հիմա հարց Տավուշի մարզպետին.
1. Մի՞թե Տավուշն իր առանձին տոնացույցն ունի
2. Մի՞թե տավուշցիները Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն
3. Շնորհավորելո՞ւ եք նոյեմբերյանցիներին, որոնց մի մասն էլ Վարդավառը նշելու է օգոստոսի առաջին կիրակի օրը:
Հիմա հատուկ Տավուշի մարզպետի համար: Բացեք օրացույցը, եկեղեցական օրացույցը եւ կտեսնեք, որ Հայ Առաքելական եկեղեցին Վարդավառն այս տարի նշում է հուլիսի 28-ին: Եւ մարզպետը որպես պետության ներկայացուցիչ փոխանակ Տավուշի թեմի հետ մարզում բացատրական աշխատանք տանի, որ ժողովուրդը տոնը նշեն հենց տոնի օրը, վերցրել եւ էժան հեղինակություն ստանալու համար այսօր շնորհավորում է տավուշցիներին:
Իսկ եթե Զատիկն էլ մի առանձին օր նշեին, կրկին շնորհավորելո՞ւ էիք:
Վարդավառը Տավուշում սկսեցին պայմանական օր նշել, երբ խորհրդային իշխանությունները քանդեցին եկեղեցիները, իսկ քահանաներին սպանեցին կամ բանտարկեցին: Ժողովուրդը կորցրեց հաշվարկը եւ որոշեց պայմանական մի օր ընտրել՝ հուլիսի 20-ից հետո առաջին կիրակին, իսկ Նոյեմբերյանի մի մասում՝ օգոստոսի առաջին կիրակին:
Արդեն ավելի քան 28 տարի պետություն ունենք, արդեն մոտ երեք տասնամյակ եկեղեցին հալածանքների չի ենթարկվում, բայց որեւէ մեկը չի ցանկանում վերջապես վերացնի այս թյուրիմացությւոնը:
Զավեշտն այն է, որ հենց տավուշցիներին թվում է, թե դարեր շարունակ իրենք Վարդավառը հենց այսպես էլ նշել են, անգամ մինչ խորհրդային տարիները: Նույն կերպ էլ Տավուշում սեպտեմբերի ամեն կիրակին Սուրբ Խաչի տոնն են նշում: Նույն պատճառով տասնամյակներ շարունակ Սուրբ Ծնունդն ու Զատիկը չէին նշում:
Հիմա մարզպետը վերցրել եւ օրինականացնում է թյուրիմացության եւ հալածանքների հետեւիանքով սխալ օր նշվող տոնը: Այ քեզ ժողովրդական մարզպետ: Այստեղ նաեւ զարմանալի է եկեղեցու բռնած դիրքը:
Իսկ այս ամենը ընդամենը պետական մտածողության բացակայության հետեւանք է:
Հակոբ Ասատրյան
Top-News.am