Իրանը հերքում է ԱՄՆ բանակի կողմից իրանական ԱԹՍ-ի ոչնչացումը
Իրանի զինված ուժերին պատկանող և Հորմուզի նեղուցում հերթապահություն իրականացնող բոլոր անօդաչու թռչող սարքերը «ողջ-առողջ» վերադարձել են իրենց բազաներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին։
Սրանով նա հերքել է Միացյալ Նահանգների նախագահի այն պնդումները, որ ամերիկացիներն իրանական ԱԹՍ են խոցել։ Մինչ այս, հերքմամբ էր հանդես եկել նաև Իրանի ԱԳ նախարարը՝ ասելով, որ իրենք իրենց զինված ուժերի կորցրած ԱԹՍ-ի մասին տեղեկություն չունեն։
«Չնայած Թրամփի փուչ պնդումներին՝ Իրանին պատկանող և Պարսից ծոցում ու Հորմուզի նեղուցում հետախուզական ու վերահսկողական թռիչքներ իրականացնող անօդաչուները սարքին վիճակում վերադարձել են իրենց բազաներ», – հայտարարել է իրանցի զինվորականը։
Մինչ այդ, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենց ռազմանավերից մեկը պաշտպանության նպատակով խոցել է իրանական անօդաչու թռչող սարք, որը վտանգավորության աստիճանի մոտ էր թռիչքներ կատարում՝ մոտ 1000 յարդ (914 մետր)։ Թրամփը հայտարարել է, որ սա միջազգային ծովային տարածքում իրանական կողմից հերթական սադրանքն է եղել։