«F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա». Թուրքիայի ՊՆ
Ամերիկյան F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հղումով:
Աքարը կոչ է արել Վաշինգտոնին Թուրքիայի մասով որոշումներ կայացնելիս ավելի պատասխանատու գտնվել:
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի գնումների ու թիկունքային ապահովության գծով տեղակալ Էլեն Լորդը հայտարարել էր, որ F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերջնականապես կդադարեցվի 2020թ.-ի մարտին: Նման որոշման պատճառ է դարձել Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, որը սկսվել է հուլիսի 12-ին և, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակնկալիքների, կավարտվի հաջորդ տարվա ապրիլին:
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում էր հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:
Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիրն է անվանել: