Նախկինում ապօրինի ծառահատումների թվերը ֆիկտիվ են եղել, հիմա վիճակագրությամբ դրանք աճել են, իսկ իրականում՝ նվազել. Էրիկ Գրիգորյան
Ըստ տարբեր փորձագիտական տվյալների` ապօրինի ծառահատումները տարեկան 500 հազար խորհանարդդ մետրից մինչև 1 մլն խորանարդ մետրի են հասնում. շուրջ 40 մլն դոլար շրջանառությամբ գործողության մասին է խոսքը. կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ապօրինի ծառահատումներին:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ապօրինի ծառահատողների անուններ չի կարող տալ: «Սյունիքում տասնյակ անտառապահներ կան, որոնց նկատմամբ հարուցված են քրեական գործեր, բայց անձը, որ պետք է լինի այդ ամբողջ համակարգի հետևում, դա իրավապահ մարմինների կողմից ներկայացվող տեղեկություն պետք է լինի: Ես առանց որևէ հիմնավորվածության որևէ անուն չեմ նշի, որովհետև չեմ կարծում, թե ես ունեմ այդ իրավունքը»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք ապօրինի հատված վառելանյութը արտահանվում է Վրաստան, նա պատասխանեց. «Նախկինում փայտանյութի արտահանման գործող կարգ կար, թե ինչպես է արտահանվում: Բայց հիմա դա արվում է հիմնականում ներքին շուկայում և՛ վառելափայտ, և՛ շինափայտ օգտագործելու համար, նաև տարածված է այդ փայտանյութից ածուխ սարքելը»:
Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2019 թվականի համար օրինական հատումների ծավալը, մասնագետների ներկայացմամբ, ընդամենը 17 հազար խորանարդ մետր է եղել: Նրա խոսքով՝ մնացածն ապօրինի հատումներ են, գործում է մեծ շրջանառության ստվերային հսկայական կառույց, որի դեմ այս բոլոր՝ և՛ կադրային, և՛ ոստիկանության տեսչական մարմինների աշխատանքի, նաև օրենսդրական փոփոխությունները միտված են, որպեսզի այս ապօրինի ծառահատման համակարգն ուղղակի վերանա։
Էրիկ Գրիգորյանը նաև նշեց, որ Սյունիքի անտառտնեսություններում հիմնականում անտառհատումներ չկան, մեծամասամբ նվազել են. «Իսկ Տավուշում ու Լոռիում, մի քանի խնդրահարույց անտառտնտեսություններ կան, որոնցից մեկը Իջևանի անտառտնտեսությունն է, որտեղ մենք տասն օր առաջ կադրային փոփոխություն ենք արել, ղեկավարը փոխվել է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե երեկ Իջևանի ճանապարհը փակած ցուցարարներն արդյոք այս փոփոխությունների հետ կապված էին բողոքի ակցիա անում, նախարարն ասաց, որ այդ ամբողջ գործընթացը կապված է մի քանի գործոններով:
«Առաջինը՝ երբ նախկինում անտառհատման տոմսը տրվում էր, դրանով հնարավոր էր ամիսներով շրջանառել և մեկ թղթով ապօրինի մեխանիզմով փայտ հանել: Հիմա դրվել են հսկվող կետեր: Հաջորդիվ օրենսդրական փաթեթը, որ մշակել ենք և շուտով կստանա օրենքի տեսք, խստացումներ են արվել անտառային ոլորտում: Նախկինում վարչական իրավախախտում, եթե արվում էր, հաջորդ անգամ էլ, եթե արվեր նույն արարքը նորից վարչական իրավախախտում էր, հիմա երկրորդ անգամ վարչական իրավախախտման դեպքում արդեն քրեական է դառնում: Առաջին անգամ քրեական օրենսգրքի մեջ ֆիքսվել է փայտի տեղափոխումը, նախկինում միայն հատումն էր: Օրենսդրորեն փակվել են հնարավոր բոլոր սողանցքերը, փոխվել են ղեկավարները, մյուս կողմից ոստիկանությունը, տեսչական մարմինները, կետերը հսկողություն դնելով, կառավարում են հոսքերը և ապօրինի հատման գործընթացի դեմ հսկողություն է իրականացվում: Խոսքը վերաբերում է Իջևանի, Լալվարի և նաև ճամբարակի անտառտնտեսություններին»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ապօրինի անտառահատումների վիճակագրությանը, ապա նախարարը նշեց, որ երկար տարիների ընթացքում ֆիկտիվ վիճակագրությունը ներկայացվել:
«Այսինքն՝ նշվել է, որ ապօրինի հատվել է 100 կամ 1000 ծառ, մինչդեռ դրանք շատ սահմանափակ թվեր են: 2018-2019 թվականներին ֆիքսվել է 10 000, 12 000 ծառ, այսինքն՝ թվերն աճել են: Վիճակագրական տեսակետից ամեն ինչ ավելի վատ է, իսկ իրականության տեսակետից ապօրինի անտառհատումների ծավալը նվազում է էականորեն, բայց բացահայտումները պետք է ամբողջական լինեն»,- ընդգծեց նա: