Լույսի անջատման հետևանքով ամուսնացող զույգը «Տեր եմ» խոսքերն արտաբերել է հյուրերի հեռախոսների լույսի ներքո (լուսանկարներ)
Նյու Յորքում էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման հետևանքով ամուսնացող զույգը ստիպված է եղել հարսանեկան արարողությունն անցկացնել հյուրերի հեռախոսների լույսի ներքո: Արարողությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան՝ «Պլազա» 5-աստղանի հյուրանոցում (The Plaza Hotel), գրում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարսնացուն՝ Էմի Ռոզենթալը, հարսանյաց սրահում դեպի խորանն է քայլել և բռնել ապագա ամուսնու՝ Քրեյգ Սիլվերսթեյնի ձեռքը, երբ շուրջբոլորը մթնել է:
Ըստ հարսնացուի եղբոր՝ սկզբում նա կարծել է, թե այդ ամենը պլանավորված է՝ հյուրերի տրամադրությունը բարձրացնելու համար:
Սակայն, երբ զույգը «Տեր եմ» և «Հնազանդ եմ» խոսքերն արտաբերել է մթության մեջ, հյուրերը հասկացել են, որ հարսանեկան արարողությունը, չնայած մթությանը, շարունակվելու է:
«Տեսել եք, չէ՞, թե ինչպես են համերգների ժամանակ մարդիկ հանում իրենց բջջային հեռախոսները: Հենց այդպես էլ եղավ»,-հայտնել է հարսնացուի եղբայրը:
Հարսանեկան արարողությունը շարունակվել է բջջային հեռախոսների լույսի ներքո, լուսանկարիչները շարունակել են իրենց գործը կատարել:
Աղբյուրը հաղորդում է, որ երգիչները բարձրախոսների բացակայության պայմաններում չեն կարողացել իրենց ձայնը լսելի դարձնել, ուստի ամբոխը միացել է նրանց:
«Անհավատալի էր: Բոլորը ոտքի էին կանգնել և անում էին ամեն հնարավորը՝ երեկոն հիշարժան դարձնելու համար»,- հայտնել է հարսնացուն:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում հուլիսի 13-ին լույսի անջատման հետևանքով չեղյալ են հայտարարվել մի շարք համերգային և թատերական ծրագրեր, ներառյալ՝ Բրոդվեյ թատրոնի շոու ծրագրերը և Ջենիֆեր Լոպեսի՝ «Մեդիսոն Սքվեր Գարդեն»-ում նախատեսված համերգային ծրագիրը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում