Դա արել եմ գիտակցաբար․ Իշխանական պատգամավորը ներողություն չի խնդրի շոու-բիզնեսի ներկայացուցիչներից
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը չի պատրաստվում ներողություն խնդրել շոու-բիզնեսի ներկայացուցիչներից իր հայտնի գրառման վերաբերյալ։ Հիշեցնենք, որ պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։
Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։
Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»։
Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն…
Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։
Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք»։
Պատգամավորի այս գրառումն առաջացրել էր մի խումբ երգիչ- երգչուհիների զայրույթը, ովքեր նշել էին, թե վիրավորված են օրենսդրի գրառումից եւ նաեւ պահանջում են, որպեսզի Արեն Մկրտչյանը հրապարակավ ներողություն խնդրի։
Irakanum.am-ի հետ զրույցում Արեն Մկրտչյանն ասաց, որ իսկզբանե նկատել է, որ որոշ երգիչ- երգչուհիներ դիմադրություն են փորձում ցույց տալ ՊԵԿ նախաձեռնության վերաբերյալ, եւ բացի այդ իր գրառումն ուղղված չի եղել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։ «Ես առաջարկում եմ կենտրոնանալ գրառման բովանդակության վրա, եթե ՀՀ բոլոր հեռավոր գյուղերում օրինակ փոքրիկ խանութներում, տարբեր բնակլիմայական պայմաններում աշխատող տատիկ- պապիկները հարկ են վճարում, ինչու երգիչ- երգչուհիները չպետք է վճարեն իրենց հարկերը»,- ասաց Մկրտչյանը, հավելելով, որ հարկերի վճարումից է կախված պետության զարգացումը։ Դիտարկմանը, թե շատերը վիրավորվել են ձեւակերպումներից, Արեն Մկրտչյանը պատասխանեց, թե նկատել է կոնկրետ դիմադրություն։ «Ես նկատել եմ դիմադրություն, ես նկատել եմ դա դեռեւս ՊԵԿ-ի առաջին հայտարարությունից եւ օգտագործել եմ այդ ձեւակերպումը, նկատի ունենալով, որ հարկերի չվճարումը հարված է ՀՀ-ը։ Այո, կոշտ եզրույթներ եմ օգտագործել, եւ դա արել եմ գիտակցաբար»,- ասաց պատգամավորը։ Արեն Մկրտչյանը հայտնեց, որ լինելու է հետեւողական, որպեսզի բոլորը վճարեն իրենց հարկերը։ Հարցին, թե շոու-բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են, որ հրապարակավ ներողություն խնդրեք, անելու ե՞ք, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ասաց․ «Ոչ»։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում