Իրանում ռոք խմբի անդամներին «իսլամն անարգելու» համար մտրակի հարվածների և ազատազրկման են դատապարտել
Իրանական Confess մետալ խմբի անդամներն «իսլամն անարգող» երգ կատարելու համար հեռակա կարգով 14,5 տարվա ազատազրկման և մտրակի 74 հարվածի են դատապարտվել, գրում է lenta.ru-ն՝ Loudwire պարբերականին հղումով:
Երաժիշտները մեղադրվում են ոչ միայն կրոնն անարգելու, այլև գործող վարչակարգի և երկրի նախագահի դեմ բողոքի ակցիաների համար: Բացի այդ՝ դատարանը եզրակացրել է, որ խմբի անդամները փորձել են հակակառավարական և վիրավորական տեքստերով երաժշտության միջոցով ազդել հասարակական կարծիքի վրա, ինչպես նաև ընդդիմադիր լրատվամիջոցներին հարցազրույցներ են տվել:
Խմբի անդամ Նիքան Հոսրավին նշել է, որ իրենց սպառնացել են մահապատժի ենթարկել, քանի որ Մուհամեդ մարգարեին անարգելու համար մապահատիժ է նախատեսվում:
Confess խմբի անդամներին ձերբակալել էին 2015թ.-ին և սկզբում մահվան դատապարտել: Խուսափելով ծանրագույն պատժից՝ նրանք գրավի դիմաց ազատ էին արձակվել և վերջնական դատավճռի էին սպասում: Նրանք որոշել էին Թուրքիա փախչել, իսկ ավելի ուշ Նորվեգիայում քաղաքական ապաստան էին ստացել:
Դատավճռին ի պատասխան երաժիշտները հանդես են եկել նոր՝ Evin երգով: Երգը վերնագրվել է այն բանտի պատվին, որտեղ պահվել են խմբի անդամները: