«Նոր» իշխանության պարտությունը
Հուլիսի 10-ը խորհրդանշական օր էր: Էներգահամակարգում աննախադեպ վթար տեղի ունեցավ: Երկրի նորմալ գործունեությունը մի քանի ժամով ընդհատվեց: Բայց այս ամենը դեռ կարելի է հասկանալ, բայց հասկանալ «ժողովրդի» վարչապետին ժողովրդից բռունցքներով պաշտպանելուն՝ անհնար է:
Երբ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ներկայացուցիչը հրում է կանանց, երբ ոստիկանը, բարձրաստիճան ոստիկանը ցուցարարներին է հարվածում նրանցից Փաշինյանին՝ «ժողովրդին» պաշտպանելով, ապա ստիպված մի հետեւություն ենք անում՝ երկրում իրավիճակ է փոխվել:
Այն վարչապետը, որը մոտ մեկ տարի առաջ անգամ կամուրջներ էր շրջափակում եւ խոչընդոտում մետրոպոլիտենի գնացքների երթեւեկությունը, ռադիոտան շենք գրավում, փողոցներ փակում, ներխուժում ուսումնական հաստատություններ, հրճվում, որ մանկահասակ երեխաները ԱԳ նախարարի ավտոմեքենան են շրջափակում, այսօր չի հանդուրժում անգամ փոքրիկ բողոքի գործողությունները: Իսկապես, իրավիճակ է փոխվել:
Էներգահամակարգի վթարը հնարավոր է շտկել եւ առաջ անցնել: Էներգահամակարգի մասշտաբային վթարներ տեղի են ունենում անգամ ԱՄՆ-ում եւ Ֆրանսիայում, բայց երբ արժեհամակարգային վթարներ են տեղի ունենաում, ապա այստեղ շտկելով եւ առաջ անցնելով հնարավոր չէ առաջ շարժվել:
Հուլիսի 10-ին իշխանությունները պարտվեցին: Ընդ որում, էներգահամակարգի վթարը կապ չունի այստեղ: Իշխանությունը պարտվում է, երբ երկրի ղեկավարը խուսափում է ժողովրդի հետ դեմառդեմ հանդիպումից: Եւ այստեղ հայտարարությունը, թե 2020թ. հունվարի մեկից կենսաթոշակները տասը տոկոսով բարձրանալու են, այլեւս իրավիճակ չեն կարող փոխել:
Իշխանությունը պարտվում է, երբ երկրի ղեկավարի թիկնապահը անհարկի ուժ է գործադրում: Այդ հարվածը կայացավ: Իսկ թե երբ կարձանագրվի փաստացի պարտությունը ժամանակի հարց է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am