Ինչի մասին էր զգուշացնում Ռոբերտ Քոչարյանը
Շաբաթներ առաջ դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմելով դատավոր Արմեն Դանիելյանին, շեշտելով, թե ծանոթ է այս քրեական գործի նյութերին, որն ուղղակի ամբողջությամբ «կարած» գործ է, նրան հորդորեց հրաժարվել այս գործից:
«Սրանից լավ հոտ չի գալիս: Այս գործը սարքելու համար, կարելու համար մարդիկ ապագայում օրենքով շատ խիստ պատասխանատվության են ենթարկվելու»,- շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:
Իհարկե, Ռոբերտ Քոչարյանը լինելով պետական եւ քաղաքական փորձառու գործիչ իրեն թույլ չէր տա սահմանափակվել մեկ առանձին վերցրած դատավորին դիմելուց: Դիմելով դատավորին, իրականում նա դիմում էր գործող իշխանությանը, գործող վարչախմբին, նրանց հորդորելով ժամ առաջ կանգ առնել եւ դադարեցնել այս գործընթացը, հուշելով, որ այս գործը հորինելու համար մարդիկ անպայման պատասխանատվությաքն են ենթարկվելու:
Ընդ որում, խոսքը չի վերաբերվում միայն հենց Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված գործին, այլ այս գործին ընդհանրապես:
Գնալով համոզվում ու համոզվում ենք, որ եթե վարչախումբը կանգ չառնի ապա ավելի է խճճվելու: Գեղամ Պետրոսյանի կալանավորումը դրա ապացույցներից մեկն է:
Յոթանասունամյա ներքին զորքերի շտաբի պետին կալանավորեցին առանց որեւէ հիմնավոր ապացույցի: Կալանավորեցին ծանր մեղադրանք ներկայացնելով, իսկ հիմա այս գործով նոր, կարելի է ասել, աղմկահարույց հանգամանքներ են ի հայտ եկել:
Մասնավորապես, փորձագետի եզրակացությամբ պարզվել է, որ իրենց կողմից «Մակարով» տեսակի ատրճանակից կատարվել են փորձարարական կրակոցներ, որի արդյունքում դուրս նետված գնդակը եւ պարկուճը համեմատվել են նախկինում տրված փորձագիտական եզրակացությունների հետ, որոնք տրվել են 2008 թվականին, եւ մեկ փորձաքննություն էլ տրվել էր 2018 թվականին:
Արդյունքում համեմատվել են դրանց վրա առկա կրման հետքերը, ու համընկումներ չեն հայտնաբերվել:
Այսինքն՝ փորձաքննության ներկայացված ատրճանակից կրակոցների արդյունքում ստացված գնդակները իրենց կրման հետքերով որեւէ համընկնում չունեն այն գնդակի հետ, որը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի դիակից:
Սա նշանակում է, որ դեռ հստակ չէ, թե ով է սպանության հեղինակը, բայց յոթանասունամյա Գեղամ Պետրոսյանը կալանավորված է:
Եւ չի կարող հարց չառաջանալ, թե ո՞վ է պատասխան տալու այս խայտառակության կամ այս խայտառակ պատմնությունների համար: Եւ ահա թե ինչի մասին էր զգուշացնում Ռոբերտ Քոչարյանը դատավորին եւ մյուսներին:
Վահրամ Գեւորգյան
Top-News.am