«Իմ քայլի» մանկական երազանքը. իշխանության են եկել 40 տարով
Իմքայլականներն իրենց տարօրինակ, անհեթեթ, ցինիկ պահվածքով, հայտարարություններով վաղուց արդեն չեն զարմացնում, այլ միայն զայրացնում են կամ ծիծաղեցնում:
Նրանցից մեկը «ծտերին» նախագահական է տանում եւ էքսկուրսիա կազմակերպում, մյուսը երգիչ-երգչուհիներին դիմում է այնպիսի տոնով, կարծես սովետական գուլագի պարետ լինի, իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչները կալանավոր:
Իսկ երրորդն էլ հայտարարում է, թե իշխանության են եկել առնվազն 40 տարով: Ուշադրություն դարձրեք՝ առնվազն: Եւ այս անեկդոտային հայտարարության հեղինակը ԱԺ Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն է:
Այստեղ մնում է հարցնել քառասուն տարով եկել եք, որ ի՞նչ անեք: Վերջին մեկ տարում հասցրեցիք վատթարացնել հայ-ռուսական, հայ-իրանյան, նույնիսկ հայ-հայկական հարաբերությունները, աննախադեպ լարվածություն ստեղծելով ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ:
Վերջին մի տարում երկիրը բաժանեցիք սեւի եւ սպիտակի, սկսեցիք խայտառակ դատավարություններ, իրավաբանների պնդմամբ, հիմնականում «ջուր» գործերով, վարկաբեկեցիք Արցախի հաղթանակի կերտման մեջ մեծ ավանդ ունեցող զինվորականներին, հակառակ առողջ տրամաբանության եւ գործող օրենքների, ապօրինաբար կալանավորեցիք ՀՀ երկրորդ նախագահին, մեծագույն ուրախություն պատճառելով ադրբեջանցիներին:
Վերջին մեկ տարում գրեթե զրոյացրիք ներդրումները, երկիրը պատեցիք ատելության մթնոլորտով, ստով եւ կեղծիքով, պարտավորվեցիք եւ ուզում եք երկրում վերացնել ավանդական ազգային արժեքները, հաջողացրիք պատմության մեջ երկրորդ անգամ կաթողիկոս քաշքշել, բարեբախտաբար թափներդ չհերիքեց նրան սպանել, ինչպես անցած դարի երեսունականներին:
Վերջին մեկ տարում այնքան անհեթեթ հայտարարություններ արեցիք, այնքան վնասեցիք Հայաստանի անվտանգությանը, այնքան սխալ կոճակ սեղմեցիք, այնքան տարօրինակ հայտարարություններ արեցիք, այնքան հեռախոս կորցրիք, որ թվարկման դեպքում մի քանի հատոր կհրատարակվի:
Վերջին մեկ տարում հաջողացրիք կենսամակարդակի անկում ապահովել, հաջողացրիք առաջին անհրաժեշտության գների աճ ապահովել եւ այս ամենի կողքին ունեք խոստում մինչեւ 18 տարեկանների բուժումը ձրի կազմակերպել, իսկ նվազագույն աշխատավարձը մի քանի հազարով ավելացնել, առանց մտածելու, թե այդ բարձրացումը ինչ հետեւանք կունենա գնաճի վրա:
Թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք այսքանով եւ մի հարց տանք՝ իսկ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի այս երկրի հետ, եթե ոչ թե քառասուն, այլ նույնիսկ չորս տարի էլ մնաք իշխանության: Ճիշտ եք՝ ավելի լավ է չպատկերացնենք:
Ի դեպ, տարիներ առաջ Վանո Սիրադեղյանը միամտաբար եւ համեստաբար հայտարարեց, թե ՀՀՇ-ն իշխանության կմնա տասը տարի, իսկ Շարմազանովն էլ ասեց, թե որոշումները դեռ երկար տարիներ կընդունվեն Մելիք-Ադամյան փողոցում: Հիշեցի՞ք: Հետո տեսաք, թե որքանով իրականացան նրանց երազանքները, իսկ դրանք շատ համեստ երազանքներ էին՝ ի համեմատ իմքայլականների 40 տարով իշխելու փափագի հետ:
Վարդան Խաչատրյան
Top-News.am