Սահակաշվիլին ծեծկռտուքի ընթացքում կոտրել է թոշակառուի ձեռքը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին Օդեսայում ՝ դատարանի շենքի մոտ վեճի ընթացքում, կոտրել է տարեց կնոջ ձեռքը։ Այս մասին հայտնում է տեղի Odessit.ua պորտալը։
Հաղորդվում է, որ Սահակաշվիլին իր կողմնակիցների հետ պիկետ էր կազմակերպել դատարանի շենքի մոտ, որտեղ ընթերցվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի անօրինական գնման մասին գործով դատավճիռը։
Ակցիայի ընթացքում Սահակաշվիլին վեճի և ծեծկռտուքի մեջ է մտել իր ընդդիմախոսների և քաղաքապետի թիկնապահների հետ՝ հարվածելով մի թոշակառու կնոջ։ Վերջինս ընկել է և կոտրել ձեռքը, ինչից հետո հոսպիտալացվել է։
Ուկրաինական մյուս ԶԼՄ-ները ևս հայտնում են Սահակաշվիլիի մասնակցությամբ դատարանի շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի մասին, սակայն տիկնոջ՝ վնասվածքներ ստանալու դրվագը չի հիշատակվում։
Հիշեցնենք, որ Զելենսկին Սահակաշվիլիին էր վերադարձրել քաղաքացիությունը մայիսի 28-ին, հաջորդ օրը քաղաքական գործիչը վերադարձել էր Ուկրաինա։