Մոսկվան պահանջում է վրաց հեռուստալրագրողի արտահանձնումը
Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «P.S.» հեղինակային ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ հաղորդման մեկնարկին հայհոյանքներ էր տեղացել Ռուսաստանի Դաշնության նախագահ վլադիմիր Պուտինի հասցեին, պետք է Ռուսաստան արտահանձնվի և կանգնի դատարանի առաջ: Ինչպես գրում է apsny.ge կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:
«Դա հնչել է նաև Դումայի խոհրդի նիստին, և բոլորը համաձայն էին այն կարծիքին, որ հարկավոր է քրեական պաատսխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին, որն իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին: Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվան հաղորդավարի հայհոյանքներից հետո Վրաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցն է դիտարկում, մասնավորապես՝ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովն արդեն աջակցել է Վրաստանից գինու և հանքային ջրի ներկրումը, ինչպես նաև ՌԴ-ից դեպի այդ երկիր դրամական փոխանցումները դադարեցնելու նախաձեռնությանը:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հերթին ֆեյսբուքյան էջի միջոցով հայտարարել է, որ դեմ է հիստերիային և էպիտաժին, և որ իրականությանը պետք է «քաղաքակիրթ ձև» հաղորդել, սակայն ավելի ուշ ջնջել է գրառումը: