Կհաղթի օրենքն ու Հայաստանի շահը, թե՞ նեղ անձնական նկրտումները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հակառակ օրենքի տրամաբանությանը դեռ զրկված է ազատությունից: Հիմա էլ նրա պաշտպանները գրավոր միջնորդություն են ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։
Դատարանը միջնորդության վերաբերյալ դեռեւս դիրքորոշում չի ներկայացրել։ Եւ այստեղ տեղին է հիշեցնել, որ հունիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։
Հինգ օր հետո Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։
Ոտնատակ տրվեց օրենքը, ոտնատակ դրվեց Արցախի նախկին եւ ներկա նախագահների, արցախցիների հեղինակությունը եւ վերջապես ոտնատակ տրվեց Հայաստանի պետական շահը: Եւ հիմա կրկին անգամ մենք պետք է սպասենք, տեսնենք, թե հաղթելու է ինչ-որ մեկի նեղ անձնական քմահաճույքներն ու նկրտումները, թե օրենքը եւ Հայաստանի պետական շահը:
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին դեմ հարուցված քրգործին, ըստ որի նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ապա այն, ինչպես պնդում են բոլոր բարձրակարգ իրավաբանները՝ «ջուր» է եւ ծայրից-ծայր «կարված» գործ:
Իսկ որ ամենավատն է, ժողովուրդը տեսավ, որ հենց այնպես երկրի ղեկավարին կարելի է զրկել ազատությունից, ինչը հաստատ լավ հետեւանքներ չի ունենալու: Մյուս կողմից, այս դատավարության ընթացքում գնալով նորանոր մարդիկ սկսեցին հասկանալ, որ երկրորդ նախագահը մարտի մեկի զոհերի հետ կապ չունի, եւ որ գործն էլ այդ թեմայով չէ: Ափսոս միայն, որ մեղադրող կողմը խաղում է ինչպես զոհերի հարազատների, այնպես էլ հանրության զգացմունքների հետ:
Մենք գործ ունենք ապօրինի կալանքի հետ, բայց այս ամենում կա մի լուսավոր կողմ, որ հանրությունը համոզվում ու համոզվում է, որ ինչում մեղադրում են Քոչարյանին իրականությանը չի համապատասխանում;
«Գործը քանդված» է եւ սա ակնհայտ է, մնում է օր առաջ այն արձանագրվի բոլոր կողմերի, այդ թվում մեղադրող կողմից եւ երկրիրը շարժվի առաջ, ինչը բխում է մեր բոլորի շահից: Վստահաբար կարելի է պնդել, որ երկրորդ նախագահ քաղբանտարկյալ ունենալը հաստատ չի բխում մեր պետության շահերից:
Այնպես որ, մնում է կրկին հույս հայտնել, որ ի վերջո կհաղթի բանականությունը, օրենքը, պետական շահը եւ Ռոբերտ Քոչարյանը կհայտնվի ազատության մեջ, իսկ այս, այսպես կոչված, քրգործն էլ կվերացվի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am