Կալանավորը բանտից փախել է՝ տեղերով փոխվելով երկվորյակ եղբոր հետ
Թուրքիայում սպանության համար դատապարտված Մուրադ Ա.-ն հաջողացրել է փախչել բանտից՝ տեղերով փոխվելով իրեն այցելության եկած երկվորյակ եղբոր հետ, գրում է Oddity Central-ը:
Դեպքը տեղի է ունեցել երկրի հարավային Մերսին քաղաքում: Երբ եղբայրը՝ Հուսեյնը, այցելության է եկել Մուրադին, վերջինս կարողացել է բանտապահներին շփոթության մեջ գցել ու, երկվորյակ եղբորն իր տեղը բանտախցում թողնելով, հանգիստ դուրս գալ այնտեղից:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու է Հուսեյնը համաձայնել եղբոր փոխարեն կրել սպանության պատիժը:
Հատկանշական է, որ որոշ ժամանակ անց բանտապահները գլխի են ընկել, որ այստեղ մի բան այն չէ: Մուրադը մեկ տարի էր անցկացրել բանտում, և այդ ընթացքում նրանք հասցրել էին շատ լավ ճանաչել նրա բնավորությունը: Արդյունքում բանտապահները նկատել են, որ եղբոր այցից հետո «Մուրադը» ինքն իրեն նման չէ:
Իշխանությունները եղբայրների տունը խուզարկելու թույլտվություն են ստացել, և երբ ներս են մտել, հայտնաբերել են Մուրադին:
Ներկայում երկվորյակները գտնվում են ճաղերի հետևում: Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում