Պոլսո պատրիարքի տեղապահ է ընտրվել Սահակ Մաշալյանը
Այսօր՝ հուլիսի 4-ին, կայացել է Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի հետաձգված ընտրությունը, որի արդյունքում 13 քվեով տեղապահ է ընտրվել Պոլսո պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էին առաջադրվել Կ. Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշյանը և կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպս. Մաշալյանը: Աթեշյանն ստացել է 11 ձայն:
Առավոտյան պատրիարքարան են մուտք գործել միաբանության անդամները և ժողովի վայրում քվեարկել իրենց նախընտրած թեկնածուի օգտին։
Այս ընտրությունը ենթադրում է, որ ընտրված տեղապահն է կազմակերպելու Կ. Պոլսո նոր պատրիարքի ընտրությունը: Այն, ըստ կրոնական կանոնադրության, պետք է կազմակերպվի տեղապահի ընտրությունից հետո 6 ամսվա ընթացքում:
Հիշեցնենք, որ 2017 թվականին ևս անցկացվել են Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններ: Այդ ժամանակ ընտրվել էր Գերմանիայի Հայոց թեմի նախկին առաջնորդ Գարեգին Բեքչյանը:
Պաշտոնական Անկարան, սակայն, անտեսել էր Պոլսի կրոնավորների այս ընտրությունը և Բեքչյանի պաշտոնավարելուց որոշ ժամանակ անց անվավեր համարել նրա ընտրությունը։
Նշենք, որ Պոլսո նախկին պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունից հետո պատրիարքական աթոռն ըստ էության ավելի քան 10 տարի թափուր էր:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում