Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրի կառավարությանը զուսպ գործողությունների կոչ է արել
Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը երկրի կառավարությանը զուսպ գործողությունների կոչ է արել, հաղորդում է apsny.ge-ն:
Դեսպանատունը, մասնավորապես, հայտարարություն է տարածել հունիսի 20-ից Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում սկիզբ առած ցույցերի վերաբերյալ:
Հայտարարությունում մասնավորապես նշված է, որ ԱՄՆ դեսպանատունն աչալրջորեն հետևում է հունիսի 20-ին Թբիլիսիի բողոքի ցույցերից հետո ծավալված իրադարձություններին:
«Չնայած նրան, որ կարևոր է ցուցարարների նկատմամբ բռնության և ուժի չարաշահման դեպքերի հետաքննությունը, մենք կոչ ենք անում կառավարությանը գործել հավասարակշռված և զուսպ: Այժմ Վրաստանի ժողովրդավարությունն ուժեղացնելու համար ամենից շատ անհրաժեշտ է երկխոսություն բոլոր քաղաքական կուսակցությունների միջև»,- ասված է հաղորդագրությունում:
Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացվում: Միայն հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: