Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվողը եւ «կաշառված դատարանների» դեմ բողոքողը բարձրացել էր արագաչափի վրա (լուսանկարներ)
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի եղբոր հետ դատական գործընթացի մեջ գտնվող անձանցից մեկը բողոքի ակցիա էր իրականացնում` բարձրանալով Արշակունյաց պողոտայում տեղադրված արագաչափերից մեկի վրա: Տղամարդը բողոքում է ընդդեմ «կաշառված դատարանների»:
Տղամարդը, որը ներկայանում էր որպես բեռնափոխադրող, իր բողոքն էր հայտնում Վերաքննիչ դատարանի այն որոշման մեջ, որը նրան պարտավորեցրել է 30 հազար դոլար վճարել:
Որպես բողոքի նշան` տղամարդը հայտարարում էր` չի իջնելու սյան վրայից, հացադուլ է անելու, երկու օրից նաև ջրադուլ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները երկար ժամանակ համոզում էին նրան ներքև իջնել, սակայն տղամարդը հրաժարվում էր կատարել ոստիկանների պահանջը:
Ի վերջո, ոստիկանները կարողացան տղամարդուն իջեցնել արագաչափի վրայից:
Նրան տեղափոխում են ոստիկանության բաժանմունք:
Նշենք, որ տղամարդը ներկայանում է որպես բեռնափոխադրող: Նրա խոսքով` ինքը 2 տարի առաջ լոլիկ է փոխադրել ՌԴ, ճանապարհին լոլիկը փչացել է և նրան դատի են տվել` պահանջելով որպես փոխհատուցում վճարել 30 հազար դոլար:
Նա դիմել է Վերաքննիչ դատարան, որը որոշումը թողել է ուժի մեջ: