ՀՀ իշխանությունների վտանգավոր խաղերը
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի քվեարկության իրավունքը վերադարձնելու բանաձեւի քվեարկությանը մասնակցել է նաեւ հայաստանյան պատվիրակությունը: Մասնակցել է եւ առաջացրել շատերի, մեղմ ասած, զայրույթը:
Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կողմ են քվեարկել, մինչդեռ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը դեմ քվեարկածների ցանկում էր: Ճիշտ է, հետո նա հայտարարեց, թե դեմ չի քվեարկել, բայց գնացքն արդեն գնացել էր, թողնելով իր սեւ ծուխը:
«Իմ քայլը» դաշինքի մյուս անդամներ Հովհաննես Իգիթյանը, Տաթեւիկ Հայրապետյանը եւ Սոս Ավետիսյանը չեն մասնակցել քվեարկությանը:
Այս քվեարկությունը ՀՀ իշխանությունների հերթական հարվածն էր Հայաստանին եւ նրա շահերին: Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի առաջ ինչ-ինչ ուժեր խնդիր են դրել վատթարացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տպավորություն է, որ նա պարտաճանաչորեն կատարում է այդ հանձնարարականը:
Ռուսաստանում ֆիքսեցին, որ Ֆրանսիան, Նորվեգիան, շատ այլ արեւմտաեվրոպական երկրներ ամբողջ կազմով կողմ էին Ռուսաստանի վերադարձին, իսկ Հայաստանը՝ ոչ:
Մի՞թե մենք շարունակելու ենք հանդուրժել ընդդեմ Հայաստանի ազգային շահերի ուղղված այս արկածախնդիր գործողությունները, թե լուրջ հետեւություններ ենք անելու:
Մենք Արցախի խնդիր ունենք, մենք Ադրբեջան եւ Թուրքիա հարեւաններ ունենք, ընդ որում, ադրբեջանական պատվիրակությունն էլ ամբողջ կազմով կողմ էր քվեարկել:
Հիմա հարց տանք՝ ի՞նչ խնդիր է լուծում Փաշինյանն այսպիսի մանր հարվածներ հասցնելով Ռուսաստանին: Մի՞թե նա իր անձնական շահը վեր է դասում պետության շահից, մի՞թե նա ընդհանրապես անձնական շահ էլ չունի, այլ պարզապես ուրիշների վտանգավոր խաղերն է խաղում: Եւ ի՞նչ ենք շահելու մենք, եթե Քոչարյանին աջակցություն հայտնելու համար Փաշինյանն ուզում է մանր, շապոկլյակյան վատություններ անել Ռուսաստանին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am