ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին
Իրավունքի ոլորտում դիլետանտությունը հասել է վտանգավոր չափերի ու արդեն մուտք գործել Սահմանադրական դատարան։ Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի Գերմանական և եվրոպական սահմանադրական և վարչական իրավունքի, ինչպես նաև միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ, Բեռլինի Տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Ոստիկանության և անվտանգության կառավարման բաժնի դոցենտ Գոռ Հովհաննիսյանը։
-Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ՝ ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի հանգուցալուծումը։
-Արդեն ասացի, որ ՍԴ դատավորի կողմից Սահմանադրության դիտավորյալ խեղաթյուրումը չափազանց վտանգավոր ու անընդունելի քայլ է ու չպետք է անհետևանք մնա։ ՍԴ դատավորը, որը երկրի գործող Սահմանադրության նկատմամբ ունի անթաքույց արհամարհական վերաբերմունք, այն անվանում է բռնաբարության ծնունդ, դիտավորյալ խեղաթյուրում է Սահմանադրության իմաստը՝ հանդես գալով իր պաշտոնական կարգավիճակով երկրի խորհրդարանում, չի կարող ու չպիտի շարունակի պաշտոնավարել իբրև դատավոր։ Նա ակնհայտորեն ի վիճակի չէ իրականացնել սահմանադրական արդարադատություն գործող Սահմանադրության հիման վրա և պաշտպանել այդ Սահմանադրությունը։ Բացի այդ, ՍԴ նախագահի լիազորությունների ապօրինի յուրացման փորձն արդեն չափազանց ծանր խախտում է, ուստի այս հարցի հանգուցալուծումը ես տեսնում եմ գործող Սահմանադրության 164-րդ հոդ․ 9-րդ մասի շրջանակում։ Մտածում եմ, որ Սահմանադրական դատարանի բոլոր ութ անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին էական կարգապահական խախտում կատարելու հիմքով։