Վրաստանում առաջարկել են ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի հասցնել անվճար ավտոբուսներով
Վրաստանի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահ Շալվա Ալավերդաշվիլին առաջարկել է Էկոնոմիկայի նախարարությանը և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին ռուս զբոսաշրջիկներին Երևանի, Բաքվի և թուրքական Տրապիզոնի օդանավակայաններից Թբիլիսի տեղափոխել անվճար ավտոբուսներով, հաղորդում է РИА Новости-ն:
Ալավերդաշվիլիի խոսքով՝ քննարկումների վերջնական փուլին կմիանա նաև Վրաստանի արտգործնախարարությունը:
Ասոցիացիայի ղեկավարը նշել է, որ Թբիլիսիի խոշոր հյուրանոցների սեփականատերերը և առողջարանային քաղաքների ներկայացուցիչները վստահեցրել են, որ զանգեր են ստանում ռուս զբոսաշրջիկներից, որոնք խնդրում են օգնել իրենց Վրաստան այցելել այլընտրանքային ճանապարհներով:
Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանի կողմից Վրաստանի նկատմամբ կիրառվելիք սահմանափակումների արդյունքում Վրաստանի կրած վնասները կարող են հասնել 2.1 միլիարդ լարիի (մոտ 750 միլիոն դոլար):
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունները դադարեցնելու են օդային փոխադրումները դեպի Վրաստան: