Դեպի Ռուսաստան վրացական գինիների արտահանման հնարավոր արգելքը կարող է մարտահրավեր լինել բիզնեսի համար. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Ռուսաստանում վրացական գինիների վաճառքի հնարավոր արգելքը կարող է մարտահրավեր լինել Վրաստանում բիզնեսի զարգացման համար, սակայն առայժմ պետք չէ շտապել այս հարցով որևէ եզրակացություն անել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան, հաղորդում է ТАСС-ը:
«Ես չէի շտապի, ձեզ էլ կոչ կանեի նույնն անել, եկեք հետևենք իրադարձությունների զարգացմանը, նման որոշում դեռևս չկա: Դա լուրջ խնդիրներ կառաջացնի բիզնեսի համար, քանի որ Ռուսաստանը մեծ շուկա ունի, սակայն կրկնում եմ, ես շտապել չեմ ուզում»,- ասել է Տուրնավան:
Նշենք, որ Վրաստանի գինու ազգային գործակալության տվյալներով՝ 2019-ի հունվար-մայիսին հանրապետությունից արտահանվել է ավելի քան 33,6 մլն շիշ գինի, ինչը 6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ավելի քան 21 մլն շիշ գինի արտահանվել է Ռուսաստան, ինչը 5% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: